ՀՀ մշակույթի նախարարությունը կաջակցի ՀՀ գլխավոր դատախազությանը՝ անաչառ քննություն անցկացնելու
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, վերջինիս օժանդակությամբ՝ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Պարզաբանվում է, որ «Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության ներկայիս պետ Ա. Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանով հանդես է եկել որպես «2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախարարությանը հատկացված 19.010.000 դրամի շրջանակներում մեկ անձից ծառայությունների գնման կատարման գործընթացի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ: Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նա կազմակերպել է նախարարության և 2004թ. հունիսի 2-ին իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջև 2007թ. մայիսի 11-ի իրավական ակտերի մշակման ծառայությունների ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-3 գնման պայմանագրի կնքումը, որով նախատեսված 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կեղծ եզրակացությունները: ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, վերո նշյալ հանձնաժողովի նախագահ Ն. Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները, որպիսի գործողությունների հետևանքով Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել և հափշտակել 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը 29.01.10թ. հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:
Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության այս հաղորդագրության՝ ՀՀ մշակույթի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի արթիվ»քրեական գործ հարուցելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2010 թվականի փետրվարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատև ռազմավարական ծրագրի, ինչպես նաև մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով դիմել է ՙՊետական գնումների գործակալությանը՚` մրցույթ կազմակերպելու համար, սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել և մրցույթը հայտարարվել է չկայացած:
Այնուհետև` օրենքով սահմանված կարգով, կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրի կատարման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է պայմանագրի առարկա հանդիսացող փաստաթղթերը` «Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թթ. ռազմավարության»և այլ իրավական ակտերի նախագծերը: Դրանք առկա են նախարարությունում, և մինչ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձևավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կաճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պատրաստակամ է ամենայնս աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը և նախաքննության մարմնին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը»:
ArmAr.am












