Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Քաղաքագետ. «ԱՄՆ ակտիվացումը կարող է բերել ստատուս քվոյի փոփոխության»

Փետրվար 6, 2010թ. 16:54

picresizeՉնայած այն բանին, որ հարավկովկասյան տարածաշրջանն   առանձնապես ԱՄՆ ներկայության պակաս երբևէ չի զգացել, սակայն Միացյալ Նահանգները որոշել է, ի դեմս իր բազմաթիվ փորձագետների, սկսել տարածաշրջանին առնչվող  իր «առանձնահատուկ» ուսումնասիրություններն ու դիտարկումները, ապա կյանքի կոչել դրանք:

Եվ ուրեմն, մասնավորապես, Հայաստանը, ի՞նչ հնարավոր հետևանքներ և զարգացումներ կարող է ակնկալել ԱՄՆ քաղաքական նոր ակտիվացումից` մանավանդ երբ  ամերիկացի փորձագետներն արդեն իսկ հայտարարում են, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է առանձնապես իր արտաքին  քաղաքականության առանցքում պահի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները:

ArmAr.am-ի լրագրողի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը նկատեց.

«Հայ-թուրքական հարաբերություններում հիմնականում երաշխավորն Ամերիկան է: Եթե վերհիշենք, թե ինչպես ընթացավ արձանագրությունների ստորագրումը, կտեսնենք, որ այնտեղ ակնհայտորեն զգացվում էր ԱՄՆ-ի «շունչը», ինչ-որ տեղ նաև պարտադրանքը: Նա իր առջև խնդիր էր դրել` արձանագրություններն անպայման պետք է ստորագրվեն: Առաջին փուլը Ամերիկային  հաջողվեց»:

Սկսված գործընթացը, բնականաբար, պետք է շարունակություն ունենա: Եվ այժմ ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ գործնական քայլեր կատարվեն նաև երկրորդ փուլում:

Ըստ Ռուբեն Հակոբյանի` ԱՄՆ ուշադրությամբ հետևում է այս գործընթացին և ցանկացած դեպքում առիթը բաց չի թողնում իր խմբագրումներն անելու և միջամտելու  հայ-թուրքական բանակցություններին: Նա բոլորովին էլ պատահական չի համարում ԱՄՆ դրական  դիրքորոշումը` կապված ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշման հետ. «ԱՄՆ ժամանակին ասաց, որ ՀՀ ՍԴ-ի կողմից որևէ արտառոց կամ արձանագրություններին հակասող որոշում չի ընդունվել»:

Ի դեպ` հայ-թուրքական հարաբերությունների հարցում քաղաքագետը կարծում է, որ այն որակը և մակարդակը, որ ներկայումս առկա է հայ-թուրքական բանակցություններում, վտանգավոր են Հայաստանի համար. «Թուրքիան կարծես կարողանում է ցանկացած պահի այս ֆուտբոլային դիվանագիտության մեջ ամբողջությամբ պաշտպանել և’ իր, և’ Ադրբեջանի շահերը»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ անընդհատ ավելացող ակտիվությանը, ապա նրա կարծիքով, պետք չէ զարմանալ. «Գործընթացը կա և ամեն Աստծու օր Ամերիկան  ցույց է տալիս իր ակտիվությունը տարածաշրջանում»:

Ի՞նչ ակնկալել արդյունքում: Ըստ քաղքագետի` առաջիկայում ճնշումները կմեծանան, և որոշակի տեղաշարժ կլինի` կապված Արցախի ստատուս քվոյի փոփոխության հետ, ինչը որոշակի սրացում կառաջացնի պետությունների ներքաղաքական կյանքում: Ավելին`Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ այս տարի Արցախը կարող է մասնակցել բանակցություններին. «Անհնար կլինի Ղարաբաղյան հարցի լուծուման ուղղությամբ որոշակի քայլերի դիմել առանց Ղարաբաղի մասնակցության: Այլ հարց է, թե ինչ կարգավիճակով նա հանդես կգա:

Իհարկե, Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին դրական է, բայց չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կհամաձայնի դրան: Համենայնդեպս, խիստ կասկածում եմ, որ Ղարաբաղը լիարժեք կարգավիճակով մասնակցի բանակցություններին»:

Իհարկե, տարածաշրջանային խնդիրների մասին հնարավոր չէ խոսել առանց հիշատակելու Ռուսաստանին: Ռուբեն Հակոբյանի կարծիքվ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ «ԱՄՆ և Ռուսաստանի շահերը, գոնե այս փուլում, որոշ չափով համընկել են»: Իհարկե, այստեղ էլ կա որոշակի դերաբաշխում: Ռուսաստանն ավելի շատ հայ-ադրբեջանական` Ղարաբաղյան հակամարտության լուծման երաշխավորն է: Եվ նա ամեն կերպ փորձում է իր ազդեցության և երաշխավորության տակ պահել հայ-ադրբեջանական հարաբերությունները. «Պատահական չէ նախագահների վերջին հանդիպումը Սոչիում: Ամեն առիթով Ռուսաստանը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահող պետությունների մեջ ինքն առաջատար դիրքեր ունի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն