Թուրքիան ոտնահարում է փոքրամասնությունների իրավունքները
Կոզլուք–Աքչալը հայկական գյուղի մուտքը հայերի համար շարունակում է փակ մնալ
2006 թվականին Թուրքիայում Ազիզ Դաղջըի ղեկավարությամբ ստեղծված Բիթլիսի, Բաթմանի, Վանի, Մուշի վիլայեթների, գյուղերի և գավառների հայ «Սասունցիների սոցիալական փոխօգնության մշակույթի և համերաշխության» միությունը իշխանություններից պահանջել է վերականգնել Կոզլուք-Աքչալը գյուղի հայկական եկեղեցու, գերեզմանոցի և հողատարածքների նկատմամբ իրենց կադաստրային իրավունքները, այն վավերացնել գույքագրման մատյաններում, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանց պետական պահպանությունը:
Անցյալ տարի դեկտեմբերին Բաթմանի կադաստրի աշխատակիցների խումբը, իրենց պարտականությունների կատարման անվան տակ` Ազիզ Դաղջըին պարտադրում են մութն ընկնելուն պես, երեկոյան ժամը 21-ին, իրենց ուղեկցել Կոզլուք-Աքչալը գյուղ` իբրև թե հայկական գերեզմանոցի ու եկեղեցու հետքերը հայտնաբերելու նպատակով: Իհարկե, անհասկանալի է, թե մթության քողի տակ թուրքերն ինչպես պետք է պեղեին հայկական հետքերը: Նրանց բնորոշ` ծածուկ ու գաղտագողի այդ քայլը, չէր կարող չառաջացնել հայկական կազմակերպության անդամների զայրույթն ու վրդովմունքը: Վերջիններս ստիպված էին սպառնալ, որ դրական պատասխան չտալու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սակայն մինչ օրս խնդրին որևէ լուծում չի տրվել, ընդհակառակը, գործը գնալով բարդանում է: Մի քանի օր առաջ թուրքական կողմը, դարձյալ միտումնավոր, ձախողել է հայկական կազմակերպության` հայոց եկեղեցու և նախնիների գերեզմանների հետքերը որոնելու հերթական փորձերը: Սակայն այս անգամ արդեն Դիարբեքիրի մշակույթի և բնության պահպանության կազմակերպության ղեկավարությունն է հայերին արգելել մտնել հայկական գյուղը: Ինչպես տեղեկացնում է հայկական միության նախագահ Ազիզ Դաղջըն` զինված պահակները գյուղ մտնելու համար իրենցից պահանջել են զիվորական միության թույլտվությունը:
Թուրքական իշխանությունների նման քայլերը, սակայն, ամենևին չեն վհատեցնում հայկական կազմակերպության անդամներին: Դաղջըն վստահեցրել է, որ կհաղթահարեն բոլոր խոչընդոտներն ու կհասնեն իրենց նպատակին` կմտնեն իրենց պապերի գյուղն ու ամեն գնով այն կփրկեն ոչնչացումից:
Հիշեցնեմ, որ Լոզանի պայմանագրի 37 և 44 հոդվածների համաձայն հայերը Թուրքիայում ունեն փոքրամասնության կարգավիճակ: Իսկ 42-րդ հոդվածով հայերին իրավունք է վերապահված ինքնուրույն տնօրինել հայկական եկեղեցիներն ու գերեզմանատաները, անհրաժեշտության դեպքում վերականգնել դրանք, ավելին` թուրքական իշխանությունները պարտավոր են հայության սեփականությունը համայնքի անունով գրանցել որպես անշարժ գույք: Եվ այսօր հայկական համայնքը Անկարայի կառավարությունից պահանաջում է այն, ինչ սահմանված է օրենքով:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` Թուրքիա, Լոզանի պայմանագիր, հայեր












