Սերժ Սարգսյանը Լոնդոնում հանդիպելու է Եղիսաբեթ թագուհու հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Ինչպես տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից, Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երևան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և համերգին (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում): Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է Նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում: Իր ելույթում Հայաստանի Հարապետության ղեկավարը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին:
Նախագահ Սարգսյանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահը Լոնդոնում հարցազրույց կտա նաև «Ալ Ջազերա» հեռուստատեսությանը:
ArmAr.am












