Թուրք քաղաքական գործիչ. Գյուլը նախ թող իր արածները համապատասխանեցնի սահմանադրությանը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունը, թե արդեն անցել է պատեհ ժամանակահատվածը թուրքական սահմանադրությունը բարեփոխելու համար, կոշտ արձագանք է գտել քաղաքական շրջանակներում:
Հիշեցնենք, որ Գյուլը Հնդկաստանի մեկնելիս օդանավում զրուցել է թուրք լրագրողների հետ և ասել, որ սահմանադրությունը բարեփոխելու շուրջ համաձայնություն կար, սակայն նոր սահմանադրություն կազմելու պատեհ պահը չքացել է: Մեջլիսը գոհունակություն չի ցուցաբերել բարեփոխումների առնչությամբ, ինչը Գյուլը պայմանավորել էր այն հանգամանքով, որ թուրքական մեջլիսում ներկայացված են բոլոր քաղաքական հոսանքները:
«Այդ խորհրդարանին վայել էր նոր սահմանադրույթանն ընդառաջ գնալ, բայց տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ»,- ըստ «Hurriyet»-ի` ասել էր Թուրքիայի նախագահը:
Իսկ ահա «Anka» լրատվական գործակալությունն տեղեկացնում է, որ «Դեմոկրատական կուսակցության» (ԴԿ) առաջնորդ Ջինդորուքը իմաստազուրկ է համարել Գյուլի այդ հայտարարությունը` ընդգծելով, որ քանի դեռ թուրքական մեջլիսն օրենսդրական գործունեության ժամանակահատվածում է, ապա սահմանադրական բարեփոխումների պատեհությունը չի կարելի չքացած համարել:
«Խորհրդարանն օրենսդրական գործունեության շրջանում է, սահմանադրությունն էլ կարող է փոխվել ու նոր օրենք մշակվել: Չգիտեմ, թե նախագահն ինչ նպատակ է հետապնդում նման բան ասելով»,- հայտարարել է Ջինդորուքը:
Վերջինս, հիշեցնելով Գյուլի` ռեկտորներ ու դեկաններ նշանակելու մարտավարությունը, ըդնգծել է, որ այդ կերպ Գյուլը փորձում է իրենց գաղափարախոսությունն իրականացնող ինստիտուտներ ձևավորել:
«Ըստ իս` այդ նախագահը սահմանադրական, իրավական բարեփոխումների մասին խոսելու իրավունք չունի: Նախ թող իր արածները համապատասխանեցնի սահմանադրությանը և համահունչ դարձնի արդարությանը: Ռեկտորների կամ դեկանների կադրային ջարդ է անում»,- ասել է «ԴԿ»-ի կուսակցապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից և ընդունվել 1982 թվականին: Թուրքիայի սահմանադրությունից դժգոհ է Արևմուտքն ու անընդհատ բարձրաձայնում է դրա բարեշրջումների անհրաժեշտության մասին:
ArmAr.am












