Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին

Փետրվար 9, 2010թ. 10:23

g_imageՈւղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ուղեւորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարեւան Թուրքիայի ժողովրդին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները:

Պարոն Նախագահ,

Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար:  Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն:

Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի  մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն