Փորձագետ. Ալիեվը խոստովանեց, որ Ադրբեջանը սուլթանատ է
Քաղաքագետ, Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը զրուցել է լրագրողների հետ և անդրադարձել մի շարք հարցերի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը
Նախ` նշեմ, որ հարցազրույցն անհրաժեշտ է բաժանել երկու մասի: Առաջին հատվածում Ադրբեջանի նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ երկրորդում` Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Ընդ որում` հարցազրույցի նշված հատվածները տարբեր են ոչ միայն շոշափված թեմաների, այլև` հարցազրույցի ձևի, կառուցվածքի առումով: Հարցազրույցի` հատկապես հեռուստատեսային տարբերակում, ակնհայտ երևում է, որ Իլհամ Ալիևը, ղարաբաղյան թեմայի շուրջ խոսելիս, անգիր արած տեքստ է արտաբերում: Այսինքն` այս հատվածում գլխավորապես լսում ենք մտքեր, որոնք բազմիցս կրկնվել են, և տվյալ դեպքում դրանց արծարծման նպատակը ևս մեկ անգամ շրջանառելն էր` արդեն համաեվրոպական հարթակում: Այստեղ, կարող ենք ասել, որ գործ ունենք «պայմանավորված» հարց ու պատասխանի հետ: Իսկ ահա երկրորդ հատվածում մենք տեսնում ենք երկխոսություն` նյարդային, էմոցիոնալ երկխոսություն, անգամ` վիճաբանություն, որը պայմանավորված էր թղթակցի դիպուկ հարցադրումներով և Ալիևի կաղապարված, ինչ-որ տեղ անհեթեթ, արձագանքներով:
Իլհամ Ալիևի ուղերձներն այս հարցազրույցում
Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ Ալիևի դիտարկումները որոշ նորամուծություններ, իհարկե, պարունակում են: Բայց կոնկրետ այս հարցազրույցում ես դրանք այնքան էլ չէի կարևորի: Ինձ, ենթադրում եմ` նաև փորձագիտական շրջանակների համար, ավելի շատ հետաքրքիր է հարցազրույցի երկրորդ հատվածը: Անկեղծ լինեմ` այդ հատվածում «Եվրոնյուզ»-ի թղթակիցն ակնհայտորեն ծաղրում է Ադրբեջանի նախագահին: Իսկ դա հետևանքն է այն բանի, որ իր պատասխաններով Իլհամ Ալիևն ինքն է փորձել ծաղրել թղթակցին, ով բոլոր դեպքերում պատրաստված էր և երևում էր, որ բավարար չափով տիրապետում է քննարկվող խնդիրներին:
Իլհամ Ալիևին ափերից հանեց հենց առաջին հարցը: Տեսեք թղթակցի ձևակերպումը` «Ձեր երկրում հաստատվել է իսլամական աշխարհի ժողովրդավարական առաջին երկիրը, երբ դեռ Ադրբեջանը չէր միացվել ԽՍՀՄ-ին: Ի՞նչ կպատասխանեք նրանց, ովքեր ասում են, որ դուք հետխորհրդային դիկտատուրայով եք ղեկավարում»: Այս հարցը խորքում բազմաթիվ լուրջ դիտարկումներ է պարունակում: Նախ` այլևս կայացած փաստ է ներկայացվում Ադրբեջանի` դիկտատուրա լինելու հանգամանքը, երկրորդ` հիշեցվում է Ադրբեջանում ժողովրդավարության ավանդույթների մասին և դրանք փոշիացնելու մեղադրանք է ներկայացվում: Ի պատասխան Ադրբեջանի նախագահն ընդամենն ասում է, որ այդօրինակ գնահատականները վիրավորական են: Ոչ թե` սխալ են կամ կոռեկտ չեն, այլ` վիրավորական են, ընդունելի չեն, ինձ դա դուր չի գալիս: Այսինքն` պատասխան չունենալով, նա խոսակցությունը տեղափոխում է զգացական հարթություն և էմոցիոնալ արտահայտություններով մեղադրում մնացյալ աշխարհին` իրեն հանիրավի քննադատելու մեջ: Եվ դա արվում է համաեվրոպական հարթակում, որի լսարանը, բնականաբար, չի կարող ընկալել պնդումները, թե «Freedom House»-ը կամ «Human Rights Watch»-ն ու մյուսները միայն և միայն Ադրբեջանին ճնշելու համար են բարձրաձայնում իրավունքի զանգվածային ոտնահարումների մասին:
Հավանաբար, հենց այս պատասխանն է եվրոպացի լրագրողին դրդել հետագա հարցադրումներում ավելացնել հեգնական շեշտադրումները: Իսկ Ալիևը շարունակել է նյարդայնանալ ու ավելի անընկալելի ձևակերպումներ տալ:
Տեսեք` թղթակիցը հարցնում է` ինչո՞ւ է Ադրբեջանում ընդդիմությունը զրկված իրական հնարավորություններից, ինչո՞ւ են Ալիևի ընդդիմախոսները լռեցված: Իսկ այդ երկրի ղեկավարն ասում է` դա ժողովուրդը պետք է որոշի, ժողովրդի ընտրությունն է: Պատկերացնո՞ւմ եք լրագրողի վիճակը, ով հարցնում է` ինչո՞ւ եք իմ գործընկերներին լռեցնում, և նրան պատասխանում են` դա ժողովրդի ընտրությունն է: Ալիևն ակնհայտ ծաղրում է, և բնականաբար, թղթակիցը նրան նույնկերպ պետք է պատասխաներ: Դա է պատճառը, որ լրագրողը սկսում է իրեն ռեպլիկներ թույլ տալ: Եվ դրանցից մեկի դեպքում նա փորձում է հստակեցնել, թե Ալիևն իրեն պատահաբար արքա չի՞ համարում: Ի դեպ, թեև Ալիևն այս հարցին ժխտական է պատասխանում, բայց ո’չ թղթակցին, ո’չ լսարանին այդ պատասխանը հավաստի թվալ չի կարող:
Թղթակիցը հարցնում է, արդյոք պաշտոնավարման սահմանափակումները սահմանադրությունից հանելով, Իլհամ Ալիևը չի՞ ցանկանում ցմահ իշխել: Իսկ Ալիևը փորձելով հակադարձել` հաստատում է այդ փաստը: Նրա պատասխանը հետևյալն է` «ինչո՞ւ պետք է ժողովուրդը զրկվի ինձ անընդհատ ընտրելու հնարավորությունից, եթե ունի ընտրության իրավունք»: Հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը տեսնելիս, կնկատեք, որ հենց այստեղ թղթակիցն ընդհատում է Ալիևին ու արտաբերում` «Եթե…»: Այս «եթե…»-ն ողջ հարցազրույցի մեխն է: Այստեղ թղթակիցը, նայելով Իլհամ Ալիևի աչքերին, իր «եթե…»-ով հասկացնում է, որ Ադրբեջանում հենց այդ ընտրության իրավունքը չկա, այդ իրական հնարավորությունը: Եթե լիներ այդ ընտրությունը, ընդդիմությունը բացառապես տնտեսական հաջողությունների հիմնավորմամբ չէր փոշիանա, եթե լիներ այդ իրավունքը, ժողովուրդն, ինչպես Ալիևն է ասում, ընդդիմախոսների լռեցման համար չէր ընտրի բանտը, և այսպիսի բազմաթիվ եթե-ներ: Ըստ էության, Ալիևը հաստատում է, որ Ադրբեջանում ընտրության մեկ իրավունք կա, և այդ իրավունքը ենթադրում է` ժողովուրդը համաձայն է իր անձնական ընտրության հետ: Նա սեփական ժողովրդին դիտարկում է ոչ թե քաղաքացիներ, այլ հպատակներ: Իր կառավարած հասարակությունը նա համարում է քաղաքական ու քաղաքացիական իրավունքներից զուրկ, բացառապես նյութական կարիքներ ունեցող հպատակների հավաքականություն, պոպուլյացիա: Այսպիսի դեպքերում պետություն ունի մեկ անուն` արևելյան տիպի միապետություն, սուլթանատ: Այս փաստն արձանագրում է նաև լրագրողը. երբ Ալիևը պնդում է, թե անժամկետ իշխանավարելու հնարավորություն այլ երկրներում էլ կա, թղթակիցն ուղղում է. «Ժողովրդավարական երկրներում չկա»: Եվ պատահական չի, որ թղթակիցը փորձում է ճշտել, իսկ Ալիևն իրեն թագավոր չի՞ համարում: Այսինքն` լրագրողի համար կասկած չկա, որ դա այդպես է, պարզապես փորձում է չհայտարարված սուլթանի կարծիքը լսել, իսկ նա համեստորեն «ժխտում» է:
Ինչպե՞ս է հարցազրույցը համադրվում Ալիևի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած հավակնությունների հետ
Ասվածի լույսի ներքո բավականին հետաքրքիր շեշտադրումներ են ուրվագծվում: Նախ` հետաքրքիր է, որ որևէ հիմնավոր ասելիք, կռվան չունենալով, Իլհամ Ալիևն ի վերջո օգտագործում է սուլթանին ու սուլթանատին բնորոշ վերջին թեզը` մի խցկվեք իմ ներքին գործերի մեջ: «Երկրի ներքին խնդիրները, ավանդույթները, պատմությունը, քաղաքական համակարգը, ազգի առաջնորդների նկատմամբ վերաբերմունքն այդ երկրի ժողովրդի որոշելիք հարցն է»,- ընդգծել է նա: Այստեղ ուղղակի պետք է հակադարձել Իլհամ Ալիևին, որ եթե դու այդքան անկեղծ ես քո դիրքորոշման մեջ, նախ բարի եղիր և ԼՂՀ ժողովրդի խնդիրների լուծումը, ընտրությունը թող հենց Արցախի ժողովրդին:
Երկրորդ` ես պետք է վերադառնամ այն իրողությանը, որ Իլհամ Ալիևն իր կառավարած հասարակությանը համարում է անիրավունք, բացառապես նյութական պահանջմունք ունեցող մարդկանց, հպատակների միասեռ զանգված, պոպուլյացիա: Եթե այս լույսի ներքո ենք դիտարկում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ապա ստացվում է, որ Իլհամ Ալիևը մեկ նպատակ ունի` 150 հազար մարդով ավելացնել իր տիրապետած հնազանդ պոպուլյացիան, համալրել գլխաքանակը: Մենք պետք է աշխարհին ասենք` դուք, ի՞նչ է, ցանկանո՞ւմ եք, որ ղարաբաղցիներն իրենց ազատ ապրելու իրավունքը փոխարինեն Ալիևին անընդհատ ընտրելու պարտականությամբ:
Հետևություններ
Դրանք մի քանիսն են: Եթե բանաձևենք հարցազրույցում հնչած դիտարկումները, ապա կարելի է նկատել, որ այնտեղ կային կոնկրետ ազդակներ` 1) Ադրբեջանը արևելյան տիպի միապետություն է` սուլթանատ, 2) այդ սուլթանատը չի հայտարարում Եվրոպայից իրեն դուրս դնելու մասին, բայցև չի ուզում հրաժարվել կառավարման, հասարակական կյանքի կազմակերպման առկա ձևերից, 3) չի ընդունում որևէ քննադատություն` «մենք արդար ենք, մենք մեղավոր չենք, մեղավոր է մնացյալ աշխարհը» բանաձևումով, 4) խնդիրների առկայությունը չի ժխտում, բայց և դրանց լուծման ցանկություն էլ չի արտահայտում, որովհետև «ժողովուրդն է այդպես ուզում», 5) հնչած ճշմարտությունը չի վիճարկվում, սակայն լսելը տհաճ է, 6) աշխարհին հստակ ասվում է` ժողովրդավարությունն Ադրբեջանում չի համընկնում արևմուտքում եղած ավանդույթների հետ, և դա Ադրբեջանի իշանությունները խնդիր չեն համարում, 7) արձանագրվում է, որ ոչ թե Ադրբեջանը Եվրոպայի ու աշխարհի կարիքն ունի, այլ` նրանք Ադրբեջանի:
Ամենավերջում թղթակիցը, հասկանալով, որ Ալիևն անհեթեթություններ է ասում, պարզապես հիշեցնում է, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է: Իսկ ո՞րն է Ալիևը պատասխանը. «Ես երբեք թույլ չեմ տա, որ այդ գործոնը որևէ մեկը օգտագործի իր նպատակներին հասնելու համար»: Ալիևը ընդգծում է, որ թույլ չի տա ժողովրդավարությամբ ապակայունացնել իր երկիրը: Նա սպառնում է: Նա սպառնում է բոլորին և առաջին հերթին Եվրոպային: Սա միտում չէ, սա արդեն քաղաքական գիծ է` հստակ ձևակերպված: Ըստ որում` դա ասվում է ոչ թե ադրբեջանական հեռուստատեսությամբ, այլև ողջ Եվրոպայում սփռվող լրատվամիջոցով:
Ռեպլիկի կարգով ես մի հավելում կուզենայի անել: Աշխարհը հասարակական զարգացումների հսկայական փորձ է կուտակել: Եվ այդ փորձը հուշում է, որ եթե մի երկիր, ունենալով նավթային ու գազային հսկայական եկամուտներ, չի զարգանում ժողովրդավարական ճանապարհով, այդ եկամուտները հավասար բաշխելու մեխանիզմներ չի մշակում, ողջ տարածաշրջանի և իր հարևանների համար մարտահրավեր է դառնում: Այսպիսի օրինակները շատ են: Համապատասխան զեկույցներից ինքներդ կարող եք այդ օրինաչափությունը տեսնել: Հարավ-արևելյան Ասիա, Կարիբյան ավազան, Գվիենայի ծոց, Պարսից ծոց… Ահա այն տարածաշրջանները, որտեղ նավթադոլարներին հոսքին զուգընթաց խորանում են ավտորիտարիզմի միտումներն ու թեժանում է սպառազինությունների մրցավազքը:
Ալիևն իր հարցազրույցով ապացուցեց, որ այս օրինաչափությունը սկսել է գործել նաև կասպիական ավազանում: Դրա համար կարևոր է, որպեսզի աշխարհը և հատկապես Եվրոպան ավելի էֆեկտիվ մեխանիզմներ կիրառեն այս զարգացումները կանխելու և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացները խթանելու համար:












