Փորձ, որ փորձանք դառնալու միտում ունի
«Կրթական բարեփոխումներ» ասվածի անվան տակ հանրակրթական դպրոցներում կարծես ոչ թե բարեփոխումներ են կատարվում, այլ փորձեր կամ փորձարկումներ. արհեստականորեն ներմուծված ինչ-ինչ համակարգեր հարմարեցնել մեր դպրոցին։
Այն, որ 12-ամյա կրթությունն անհրաժեշտություն է, այսօրվա աշակերտների ծնողներն ընկալեցին այնքանով, որ դրանով իրենց երեխաներն, իհարկե բավարար գիտելիք ու գումար ունենալու դեպքում, կարող են մեր երկրում ստացած ավարտական վկայականով դիմել և ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո ուսումը շարունակել արտերկի երևելի բուհերում։
Ընդունենք այս հանգամանքը որպես մեծագույն առավելություն ու փորձենք հասկանալ, թե արդյո՞ք այս ամենը՝անցումը նոր կրթակարգի, հնարավոր չէր ավելի սահուն կամ ավեի ճիշտ՝ բնական հունով ուղղորդել, և 12-ամյա կրթության հասնել ոչ թե ցատկելով, ինչպես դա արհեստականորեն ներդրվեց, այլ աստիճանաբար։ Այսինքն՝ 12 ամյա կրթակարգը ներդվեր այն ժամանակ, երբ 12-ամյա ուսուցման համակարգով դպրոց ընդունված 6 տարեկանները, եռաստիճան համակարգով՝ տարրական, միջին, ավագ դպրոցների ծրագրով, դպրոցը կավարտեին 12 տարում։
Այդպես չեղավ։ Եղավ այն, որ այս ուսումնական տարում դպրոցն ավարտողները հանրակրթական դպրոցի ծրագիրը կավարտեն 10 տարում, բայց կստանան 11-ամյա դպրոցի ավարտական վկայական։ Եվ, որ շատ ավելի վատ է, մեկ տարի ավելի ուշ դպրոց հաճախած երեխաները պետք է ևս մեկ տարի «դոփեն տեղում», ինչ է թե՝ Հայաստանում հանրակրթության համակարգն օր առաջ պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին։ Այսօր արդեն կարելի է ասել, որ ավելորդ այս շտապողականությունը որևէ դրական հետևանք չունեցավ ոչ ուսման որակի, ոչ առաջադիմության վրա, այլ միայն դպրոցական բառապաշարում ավելացրեց ևս մեկ արտահայտություն՝ «թռած դասարան»։ Իսկ այդ «թռածության» քաոսում վերջերս էլ սկսվեց մի նոր փորձակում ևս, որը ՀՀ կառավարության որոշման համաձայն, կոչվեց ավագ դպրոցների փորձնական փուլի ծրագրեր, որ նշանակում է, որ հիմա էլ փորձերը կատարվում են ոչ թե միասնական, այլ փուլային տարբերակով. իսկ փորձի «նյութը» դեռահասներն են։
Այս ուսումնական տարում արդեն հանրապետությունում գործում է 48 փորձնական ավագ դպրոց. դրանցից 17-ը Երևանում են։: Այսինքն, Երևանի յուրաքանչյուր համայնքում մեկ կամ երկու ավագ դպրոց է գործում։ Իհարկե, ավագ դպրոցի բուն գաղափարն անշուշտ ընդունելի է։ Հիմնական դպրոցն ավարտելուց հետո առավել ընդունակներն արդեն ուսումը կշարունակեն ավագ դպրոցում, որտեղ ուսուցումը կտարվի հոսքային համակարգով, ըստ որի, աշակերտն իր նախասիրությունների սահմաններում որոշակի առարկաներ կուսումնասիրի։ Իհարկե, նման մոտեցումը ենթադրում է, որ այդուհետ կբացառվի կրկնուսույցների մոտ պարապելու ավանդույթը։ Սակայն հիմա արդեն՝«փորձնական» ասված ծրագրով, ավագ դպրոցներում սովորող աշակերտները և նրանց ծնողները համոզված են, որ կրկնուսույցներից հրաժարվել դեռևս հնարավոր չէ։ Այսինքն, ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, կարելի է ասել, ձախողման է գնում, քանի որ, նման կարծիքների պարագայում, ուսման բարձր որակի մասին խոսելն ավելորդ է։
Փորձնական այս ծրագրով արհեստական դժվարություններ են ստեղծվել այն երեխաների համար, ովքեր ակամա հայնվել են փորձարկվողների դերում։ Բացի այն, որ նրանք ֆիզիոլոգիապես շատ դժվար տարիքում տեղափոխվում են մեկ այլ դպրոց, անծանոթ միջավայր` անծանոթ երեխաներով լի, որը հոգեբանական բազմաթիվ բարդույթներ կարող է առաջ բերել, նրանք նաև ստիպված են իրենց տան հարևանությամբ գտնվող կրթօջախը փոխարինել շատ ավելի հեռու վայրում գտնվող մեկով, որին հասնելու համար լրացուցիչ ֆինանսներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը, բնականբար, շատերը չունեն։ Եթե Երևանում խոսքը նույն համայնքի մեկ ծայրից մյուսը հասնելու մասին է, մարզերում՝ մի գյուղից` մյուսը։
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում ավագ դպրոցների թիվը պետք է հասնի 150-ի: Իսկ մինչ այդ փորձնական ավագ դպրոցների աշակերտները պետք է «ապացուցեն» իրենցից հետո եկողներին, որ սա միակ ճիշտ ճանապարհն է։ Այդպես է դա, թե ոչ, արդեն էական չէ. որոշումն ընդունված է, հանրակրթության ոլորտում նոր ճանապարհ է բացվում։ Բայց…ցավոք, ոչ բնականոն եղանակով, այլ «ծանր տեխնիկայի» միջոցով` ուղենիշ ընդունելով ոչ թե որակը, այլ ձևը։
Գոհար Փիլթոյան












