«Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնամուխ է եղել Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցմանը
Երեւան, 9 փետրվարի, 2010թ.: Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Ավարտվել է հիմքերի բետոնացումը, հենապատի կառուցումը եւ ամրասյուների տեղադրումը: Անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված` աշխատանքները կվերսկսվեն ձմեռային կարճատեւ դադարից հետո:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի խոսքով` երկհարկանի կառույցում գյուղապետարանից եւ բուժկետից բացի կտեղակայվեն նաեւ գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը, որոնք պակաս կարեւոր չեն համայնքի բնակչության համար:
«Գյուղի կյանքում տեղ գտած բարեփոխումների շնորհիվ` երիտասարդ ընտանիքներում ավելացել է նորածինների թիվը, վերջին երկու ամսվա ընթացքում հարազատ գյուղ է վերադարձել չորս ընտանիք: Շատ ուրախալի է, որ գյուղացիները ավելի լավատես են դարձել վաղվա օրվա նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը:












