Գլխավոր » Լրահոս

Ականապատված տարածքներ. սպառնալի՞ք, թե՞ անվտանգություն

Փետրվար 9, 2010թ. 12:53

akan1988 թվականից մինչև 1994-ը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում երկու կողմից էլ սահմանամերձ շրջաններում տեղադրվեցին մեծ քանակությամբ հակահետևակային ականներ:

Այսօր այդ ականապատված տարածքները կարևոր նշանակություն ունեն երկրի անվտանգության համար: Միևնույն ժամանակ, հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող բնակչության համար դրանք վտանգ են ներկայացնում:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ առանց այն էլ փոքր տարածք ունեցող մեր հանրապետությունում, որտեղ լեռնային ու քարքարոտ շրջանները  շատ են, ականապատված տարածքներն ավելի են պակասեցնում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողերը:

Բացի այդ, վտանգ է առաջանում նաև անասնապահությամբ զբաղվողների համար:

Ականապատման աշխատանքներն իրականացրել են հաճախ հատուկ ինժեներական պատրաստություն չունեցող անձինք, և քարտեզագրում չի կատարվել: Երբեմն նույն շրջանում ականապատում իրականացրել են պատերազմող կողմերից և’ մեկը, և’ մյուսը, քանի որ որոշ տարածքներ հայտնվում էին մեկ մի կողմի վերահսկողության ներքո, մեկ` մյուսի:

1997 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիան: Հայաստանը, չնայած առկա լուրջ խնդիրներին, չի միացել այդ համաձայնագրին (սակայն միշտ կողմ է քվեարկում Գլխավոր ասամբլեայի` Հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիային վերաբերող ՄԱԿ-ի բանաձևին):

Կան մի շարք լուրջ պատճառներ, որ Հայաստանին թույլ չեն տալիս միանալ այդ կոնվենցիային: Նախ` դեռևս լուծված չէ Արցախյան հիմնախնդիրը, և ականապատված տարածքները կարևոր երաշխիք են երկրի անվտանգության համար: Հայաստանը կարող է միանալ այդ կոնվենցիային, եթե տարածաշրջանային մյուս երկրները ` Վրաստան, Ադրբեջան, Իրան, (Թուրքիան արդեն միացել է) ևս միանան:

Իսկ ականազերծման աշխատանքները պետք է համատեղ կատարվեն:

Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարները բազմիցս հայտարարել են հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատված համատեղ ականազերծելու մասին, սակայն մի պայմանով` դա պետք է լինի համատեղ:

Այս մասին մեզ տեղեկացրեց Հակահետևակային ականների արգելման միջազգային շարժման Հայատանի ազգային կոմիտեի համադասող Ջեմա Հասրաթյանը:

Հայկական կողմը նման հայտարարություններ է անում այն պայմաններում, երբ Հայաստանը դեռևս գտնվում է լարված քաղաքական իրադրությունում, և պատերազմն ընդհատվել է միայն հրադադարով: Իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչում են պատերազմի վերսկսման հայտարարություններ, այդ մասին հայտարարում են տարբեր միջազգային փորձագետներ:

Պետք է նշել, որ անգամ լարված սուր քաղաքական իրադրության պայմաններում հայկական կողմը նոր ականապատում չի իրականացրել: Ավելին` այսօր Հայաստանի Հանրապետությունում ականներ չեն արտադրվում: Տեղադրված բոլոր ականները խորհրդային արտադրության են:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն