«Լայն ինքնավարություն» հայատյացության մթնոլորտու՞մ
Դավիթ Ջամալյան
հոգեբանական գիտ. թեկնածու
Հայատյացության քարոզչությունը վաղուց արդեն դարձել է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի մի մասը: Հատկանշականն այն է, որ այդ քարոզչությունը տարվում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ և հենց այդ համատեքստում էլ հետաքրքրում է մեզ: Ի դեպ, առնվազն երկակի չափանիշների դրսևորում պետք է որակել այն «տարօրինակ» փաստը, որ վերջին տարիների ալիևյան հայատյացության քարոզչության հանդեպ եվրոպական կառույցները զարմանալի հանդուրժողականություն են հանդես բերում` այս ամենում կարծես արտառոց ոչինչ չտեսնելով:
Ինչպես հայտնի է, առավելագույն զիջումը, որին պատրաստ է գնալ պաշտոնական Բաքուն արցախյան խնդրում, Արցախին առավելագույն ինքնավարության տրամադրումն է Ադրբեջանի կազմում: Իսկ որքանո՞վ է անկեղծ ադրբեջանական ղեկավարությունը Ադրբեջանի կազմում արցախահայության «բարեկեցության» ապահովման իր ցանկության մեջ: Հարցը վերաձևակերպենք. առկա՞ է արդյոք Ադրբեջանում այնպիսի բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, որը թույլ կտար գոնե տեսականորեն պատկերացնել ադրբեջանցի թուրքերի հետ արցախահայության համատեղ խաղաղ գոյակցությունը մեկ ընդհանուր պետության կազմում: Պատասխանն ակնհայտ է` ոչ:
Խնդրին անտեղյակ յուրաքանչյուր եվրոպացու համար կարող է զարմանալի, անհասկանալի թվալ հայության մտավախությունն առ այն, որ արցախահայությունը Ադրբեջանի կազմում կարող է ենթարկվել նոր բռնության: Եվրոպական հանդուրժողականության աշխարհայացքի դիրքերից մոտենալով` բազմաթիվ եվրոպացիների համար կարող է պարզապես անհնարին թվալ Ադրբեջանի կազմում արցախահայության ցեղասպանության, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը 21-րդ դարում, նամանավանդ, որ խոսքը եվրոխորհրդի անդամ երկրի մասին է: Հետևապես հարկավոր է եվրոպական հանրությանը հետևողականորեն տեղեկացնել Ադրբեջանում տարվող հայատյացության քարոզչության, և վերջինիս վտանգավոր հետևանքների մասին:
Իր հրապարակային ելույթներից մեկում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին տեսակետ էր հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները համատեղելի չեն, հետևապես մեկ ընդհանուր պետության կազմում նրանց գոյությունն այլևս անհնարին է: Ասվածը անհերքելի ճշմարտություն է` ապացուցված հայ թուրքական, այդ թվում և ադրբեջանցի թուրքերի հետ փոխհարաբերությունների ողջ պատմությամբ:
Բերենք ընդամենը մեկ օրինակ. այդ ինչպե՞ս ԽՍՀՄ կազմում, խորհրդային իշխանության օրոք հնարավոր դարձան սումգաիթյան ջարդերը` այն էլ 68 տարվա ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների եղբայրության քարոզչությունից հետո: Ակնհայտ իրողություն է. հետպատերազմյան ժամանակաշրջանում երկու էթնիկ հանրույթների միջև առկա անջրպետն է’լ ավելի է խորացել: Հետևապես ակնհայտ է նաև այն, որ ադրբեջանական հասարակությունը հոգեպես պատրաստ չէ անգամ արցախահայությանը առաջարկվող «լայն ինքնավարություն» ասվածնին, այսինքն` հայերի հետ հաշտ ու խաղաղ կողք-կողքի ապրելուն: Հատկապես ընդգծենք. հայի հետ խաղաղ ապրելու համար ադրբեջանական հասարակությունը պետք է տարիներ շարունակ նախապատրաստվեր միանգամայն այլ` հանդուրժողականության քարոզչությամբ: Մինչդեռ կան բոլոր հիմքերը պնդելու, որ ներկայումս Ադրբեջանում առկա է հայության հանդեպ նոր, ծավալուն բռնությունների համար բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Ասվածը լոք ենթադրություն չէ: Վերջին շրջանում աշխարհը ականատեսը եղավ ադրբեջանական ագրեսիայի առնվազն երեք աղաղակող դրսևորումների` Ջուղայի հայկական քաղաքակրթության ոչնչացում, քնած հայ սպայի սպանություն, 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը հարձակում ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտական հենակետերից մեկի վրա: Հիշեցնենք, որ վերջին դեպքում ադրբեջանական բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը հանդիպեց մեր ստորաբաժանումների համառ դիմադրությանը, կրեց մեծ կորուստներ և նահանջեց իր ելման դիրքերը:
Լայն ինքնավարություն տրամադրելու «պատրաստակամությանը» զուգահեռ հայատյացության քարոզչություն տանելը մատնում է ալիևյան վերնախավի իրական նպատակը` հայաթափել Արցախը վերջինս Ադրբեջանի կազմ վերադարձնելուց հետո: Ասվածից հետևությունը մեկն է. ալիևյան հայատյացության քարոզչությունը բացառում է Ադրբեջանի կազմում արցախահայությանը լայն ինքնավարություն տրամադրելու գաղափարի կենսագործումը: Կարծում եմ, որ այս հանգամանքը պետք է լրացուցիչ փաստարկ հանդիսանա հայ դիվանագիտության համար` բանակցային գործընթացում:
Արցախը «լայն ինքնավարության» անվան տակ Ադրբեջանի կազմ վերադարձնելը բացառելու միակ իրական երաշխիքը այդ գաղափարը ժխտելու հայության միասնականությունն է, ինչը լրջագույն կռվան է հայ դիվանագիտության ձեռքին: Այս հանգամանքը շատ լավ գիտակցում են Ադրբեջանում և նպատակաուղղված քարոզչությամբ ՀՀ և ԼՂՀ հանրության շրջանում զարգացնում Ադրբեջանի կազմում Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու գաղափարը` իբրև պատերազմը կանխելու միակ հնարավորություն: Ասվածի վառ ապացույցն է նախագահ Ալիևի հերթական ռազմամոլ հոխորտանքները, որոնց նպատակն է հայաստանյան հանրույթի շրջանում հավանական պատերազմի հետ կապված տագնապներ առաջացնել: Ալիևյան հաշվարկը հստակ է. ահաբեկել հայաստանյան հանրույթը նոր պատերազմով, Ադրբեջանի ռազմական հզորությամբ, այդ կերպ հրահրելով ներքին ճնշումներ ՀՀ ղեկավարության վրա միակողմանի զիջումների գնալու: Այդուհանդերձ իր այս ելույթով Ալիևը ակամա մատնում է իր երկրի համար բանակցությունների աննպաստ ընթացքի մասին, այն մասին, որ մեր երկրի ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ, և որ ոչ մի քայլ չի նահանջել իր սկզբունքային դիրքորոշումներից:
Եվ թերևս ամենակարևորը. արդյո՞ք, Ադրբեջանի կազմում Արցախի «լայն ինքնավարության» սցենարի իրագործումը բացառելու է նոր պատերազմը: Պատասխանն ակնհայտ է` ոչ. ընդհակառակը` այն հանգեցնելու է նոր պատերազմի և ահա թե ինչու: Ադրբեջանի իշխանության վերականգնումը Արցախի վրա անխուսափելիորեն հանգեցնելու է վերջինիս հայաթափմանը: Կրկնենք. տոտալ հայատյացությամբ համակված Ադրբեջանում արցախահայության հանդեպ բռնություններն ուղղակի անխուսափելի են` նամանավանդ ադրբեջանական հոծ զանգվածների Արցախ վերադառնալու դեպքում: Այս պարագայում Հայաստանը ուղղակի ստիպված է լինելու միջամտել` կանխելու համար Արցախի հայաթափումը և պաշտպանելու մեր հայրենակիցների ֆիզիկական գոյությունը: Ահա և նոր պատերազմի հեռանկարը:
Ի դեպ, պատերազմի վերսկսման մասին: Ազատագրված Արցախը մեզ տալիս է թշնամու հանդեպ դիրքային ռազմավարական առավելություն: Հրադադարի հաստատումից ի վեր ահռելի աշխատանք է տարվել առաջնային գիծն ամրապնդելու ուղղությամբ: Այն ճեղքելը հնարավոր է միայն ՀՀ Զինված ՈՒժերի հանդեպ ուժերի շեշտակի գերազանցություն ունենալու դեպքում և ահռելի կորուստների գնով: Հենց դրանով է պայմանավորված այն, որ հրադադարի հաստատումից ի վեր ադրբեջանական ղեկավարությունը ձեռնպահ է մնում պատերազմը վերսկսելու արկածախնդրությունից: Հետևաբար տևական խաղաղության հիմնական երաշխիքը ազատագրված Արցախն է իր` սահմանադրորեն ամրագրված տարածքով:
ArmAr.am












