Ստեփան Սաֆարյան. «Թուրքական շանտաժը կկասեցնի Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը Կոնգրեսում
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատականով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները կվավերացվեն այս տարվա ընթացքում, բայց ոչ մինչև ապրիլի 24-ը: Իսկ դրա արդյունքում հայկական կողմի վարքագիծը կարող է խնդրո առարկա դառնալ, և Երևանը կարող է հետ վերցնել իր ստորագրությունը:
Պատգամավորի դիտարկմամբ, պաշտոնական Երևանի կողմից սահմանված վերջնաժամկետը հաղթահարելու համար Թուրքիան բավարար հնարավորություններ ունի: «Այդ նպատակով է, որ Թուրքիան ստեղծում է այդ փակուղիները»: Թուրքական շանտաժը հանգեցնելու է նրան, որ Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը կքննարկվի Կոնգրեսում, սակայն փաստաթուղթ չի ընդունի»,– կարծիք է հայտնում Ս.Սաֆարյանը:
«Թուրքիան հասկացնում է, որ եթե ԱՄՆ-ն ընդունի բանաձև, ապա դա վերջը կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի»,-ասաց Սաֆարյանը` միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական լուրջ կարևորություն ունի : ԱՄՆ-ի հաշվարկով, սահմանի բացումը թույլ կտա տարածաշրջանում տեսնել Իրանի և Ռուսաստանի դերի նվազում:
Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն չի կարող խաչ քաշել հայ-թուրքական հարաբերությունների վրա և հրաժարվել իր ռազմավարական նպատակներից:
Նա կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ն կընդունի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, երբ այս երկիրը հրաժարվի Բուշի վարած քաղաքականության ստվերից:
ArmAr.am












