Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն

«Մադրիդյան նորացված սկզբունքների մասին որևէ հստակություն չկա»

Փետրվար 10, 2010թ. 10:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը CC4D145D-63C4-43B4-8756-2555979B7134_mw800_mh600

-Թուրքական դիվանագիտական խաղերը շարունակվեցին նաև ՀՀ ՍԴ որոշումից հետո։ Թուրքիան, որն անընդմեջ, ամեն առիթով նախապայմաններ է առաջ քաշում, հիմա ինքն է «որոշել» ինչ-ինչ նախապայմաններ «տեսնել»։  Ձեր կարծիքով Հայաստանի ՍԴ որոշման մեջ, եթե այն դիտարկենք թուրքական կողմի տեսանկյունից, ի՞նչը կարելի է որպես նախապայման համարել։

-Իհարկե ակնհայտ է, որ Թուրքիան՝ արձանագրությունները ստորագրելով, որոշակի քաղաքական նպատականներ էր հետապնդում, ուստի  հարաբերությունների կարգավորման խնդրում ամբողջովին անկեղծ չէր։ Թուրքական դիվանագիտական խաղերը սկսվեցին դեռևս Ցյուրիխում՝ ստորագրման արարողության ժամանակ, որն իր շարունակությունն ունեցավ այն բազմաթիվ հայտարարություններում, որտեղ Թուրքիան փորձում էր նախապայմաններ թելադրել՝ փորձելով հայ-թուրքական հարաբերությունները կապել Ղարաբաղյան խնդրի լուծման հետ։

Եվ Հայաստանը, և ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան ամեն անգամ ստիպված էին  Թուրքիային  բացատրել, որ այդ երկու խնդիրը երբեք չեն կարող կապակցված լինել,  որ դրանք առանձին գործընթացներ են։

ՀՀ ՍԴ դատարանի որոշմամբ՝ ըստ ՀՀ ներպետական ընթացակարգի, ամրագրվեց, որ համաձայնագիրը վերաբերում է միջպետական հարաբերություններ հաստատելուն, երկու երկրների միջև սահմանի բացմանը և համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Այսինքն՝ ՍԴ որոշմամբ արգելափակվեցին այն նախապայմանները, որոնք Թուրքիան իր տրամաբանության մեջ ուներ և ժամանակ առ ժամանակ արտահայտում է։ Այսինքն՝ փակվեց Թուրքիայի հետին մտքերի ճանապարհը, որից և, բնականաբար, Թուրքիան դժգոհ է։

ԱՄՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի ՍԴ որոշումը շատ կարևոր քայլ էր արձանագրությունները վավերացնելու ճանապարհին։ Նրանք  երկու երկրներին կոչ են անում՝ձեռնամուխ լինեն դրանց վավերացմանը։ Միջազգային հանրության ճնշումը, բնականաբար, ուղղված է Թուրքիային, որովհետև Թուրքիայի իշխանություններն այսօր տարբեր պատրվակներով փորձում են վիժեցնել արձանագրությունների վավերացումը։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան արձանագրությունները չեղյալ համարի։

-Կարծում եմ Թուրքիան այդ քայլին չի գնա, որովհետև վերջին շրջանում այդ երկիրը բավականին բացասական իմիջի է ձեռք բերել։

Շատերը նշում են, թե Թուրքիան խորը, բազմաքայլ դիվանագիտություն ունի։ Սակայն  հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ցույց տվեց, որ դա  ընդամենը մանր խորամանկությունների վրա հիմնված դիվանագիտություն է, որի արդյունքում Թուրքիայի առջև բազմաթիվ խնդիրներ են ծագել։

Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լակմուսի թղթի նման մի բան է դարձել Թուրքիայի համար, որի միջոցով եվրոպացիները կարող են ընկալել ու հասկանալ, թե ինչպիսի՞ պետություն է Թուրքիան։

-Հայ-թուրքական արձանագրությունները շուտով կներկայացվեն ՀՀ ԱԺ քննարկմանը, որոշակիություն կա՞, թե երբ կսկսվի այդ քննարկումը։

-Դեռևս արձանագրությունները ՀՀ խորհրդարան չի ներկայացվել։ Երբ այն ներկայացվի, չեմ կարծում, որ քննարկումը երկարատև ընթացաք կունենա, ինչը չի կարելի ասել` Թուրքիայի խորհրդարանում դրանց քննարկման փաստի առնչությամբ։ Արդեն տևական ժամանակ է, որ արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և փաստորեն Թուրքիան խախտելով իրենց օրենսդրությամբ սահմանված քննարկման բոլոր ժամկետները, դեռևս քննարկում չի կազմակերպել։

-Մենք պետք է հետևե՞նք նրանց քայլերին, թե՞ պետք է մեր քայլերն անենք։

-Իմ կարծիքով Հայաստանը ոչ թե սպասողի, այլ նախաձեռնողի կարգավիճակում պետք է լինի։ Իհարկե, այն կարծիքին չեմ, որ Հայաստանը պետք է վավերացնի արձանագրությունները և սպասի, թե Թուրքիան ի՞նչ կանի։ Բայց մենք կարող ենք մեր նախաձեռնություններում փոքր- ինչ առաջ լինել նրանցից, չէ՞որ մենք ենք եղել այս հարաբերությունների հաստատման նախաձեռնողը։ Իհարկե, միշտ էլ կարող են որոշակի մտահոգություններ լինել, սակայն նախաձեռնողն է խաղի տերը, ուստի և նա է հայտնվում առավել նախընտրելի վիճակում։

-Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների գործընթացի հիմքում Մադրիդյան սկզբունքներն են դրված. հիմա շրջանառվում է նորացված սկզբունքներ ասվածը։ Սակայն մենք նույնիսկ ամբողջությամբ ծանոթ չենք հիմնական սկզբունքների ամբողջական փաստաթղթին, քանի որ ընդամենը վեց կետն է հրապարկվել։ Դուք տեղյա՞կ եք այդ փաստաթղթին ամբողջությամբ, ի՞նչ է նշանակում նորացված սկզբունք, ի վերջո, ի՞նչն է նորացվել։

-Մադրիդյան սկզբունքների 6 կետերը, որոնք հրապարակվել են, կարևոր, սկզբունքային կետերն են։ Մնացածը բխում են դրանցից։ Ըստ ՀՀ նախագահի հայտարարության,  ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի հարցի շուրջ է միայն, որ կողմերը ինչ-ինչ համաձայնություն են ձեռք բերել: Իսկ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները տրամաբանորեն հակառակ դիրքերում են։ Մադրիդյան նորացված սկզբունքների մասին որևիցե հստակություն չկա, կարծում եմ, որ այն բանակցողների գաղտնիքն է։ Սակայն, իմ կարծիքով,  խոսքը վերաբերում է` բանակցային գործընթացներին ԼՂՀ մասնակցությանը:

-Չե՞ք կարծում, որ Արցախի մասնակցությունն արդեն ուշացած է, ինչի մասին ասում են նաև արցախցի քաղաքագետները։  Բացի այդ. Սոչիի եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահները հայտարարեցին, որ հիմնարար սկզբունքների շուրջ կողմերը երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնեն իրենց կարծիքները. սա չի նշանակո՞ւմ, որ խնդրի կարգավորման այս փուլում Ղարաբաղի մասնակցությունը նշանակում է, որ  դա ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի ԼՂՀ-ն իր ստորագրությամբ իրավական ուժ տա այլևս առկա փաստաթղթին։

-Ղարաբաղյան հակամարտության յուրահատկությունը կայանում է նրանում, որ  խնդրի կարգավորման շուրջ հակամարտության կողմերը չեն բանակցում միմյանց հետ։ Ուստի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ընդամենը հանդիպումներ են տեղի ունենում։ Հակամարտության հիմնական կողմ է հանդիսանում ԼՂՀ-ն, այս փաստը սկսել են գիտակցել համանախագահները  և ուզում են, որ Ադրբեջանն էլ հասկանա, որ այլընտրանք չկա և վաղ թե ուշ պարտադրված են բանակցել ԼՂՀ-ի  հետ։ Հայաստանը երբեք չի կարող փոխարինել ԼՂՀ-ին։ ԼՂՀ ժողովուրդն է ինքնորոշվել, իր ճակատագրի տերը ինքն է, և ուրեմն` ինքն էլ պետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Մինսկի խմբի համանախագահները դա հասկանում են, մնում է, որ Ադրբեջանն էլ հասկանա։

-Յուրի Մերզյակովի այն հայտարարությունը, թե բանակցող կողմերը երկշաբաթյա ժամկետում Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ պետք է իրենց կարծիքները ներկայացնեն չի՞ նշանակում՝ ճնշում գործընթացի վրա։

-Խոսքը վերաբերում է նրան, որ այն հարցերի շուրջ, որ կողմերը  համաձայնության չեն հանգել, երկշաբաթյա ժամկետում պետք է գրավոր ներկայացնեն իրենց տեսակետներն ու պատկերացումները։ Չեմ կարծում, թե նրանք որևէ հարցի շուրջ նոր պետք է ձևավորեն իրենց տեսակետները…

-Ղարաբաղի կարգավիճակի խնդրում կողմերը տարբեր մոտեցումներ ունեն, Ադրբեջանը բնականաբար Ղարաբաղի կարգավիճակ ասելով միմիայն հասկանում է՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում, յուրովի է հասկանում նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը…

-Ադրբեջանը միշտ իր հին երգն է երգում, ընդ որում՝ միայն ինքն է երգում այդ երգը։ Ամբողջ աշխարհը հասկանում է, որ առանց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու՝ անհնար է այդ խնդրի լուծումը։ Ընդ որում Մադրինդյան սկզբունքն իր մեջ ներառում է նաև դա։ Սակայն Ադրբեջանը դա չի ուզում հասկանալ։ Եթե չի ուզում հասկանալ, ուստի՝ բանակցային հետագա գործընթացին նրա մասնակցությունը դառնում է անհասկանալի։ Սակայն ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ ավելի լավ է՝ վատ բանակցություն, քան՝ պատերազմ։

-Այն, որ Ադրբեջանն ամեն առիթով պատերազմից է խոսում արդեն ինչ-որ տեղ սովորական է դարձել, սակայն ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսում ամերիկացի գեներալն է հայտարարում պատերազմի հավանականության մասին:

-Նախ ասեմ, որ ես անընդունելի եմ համարում Հայաստանի հասարակության մեջ տիրող այն հանգիստ վիճակը, թե՝ խաղաղությունն ի վերուստ է տրված։ Խաղաղությունն ի վերուստ տրված չէ, խաղաղությունն ամենօրյա աշխատանքով ու ջանքերով պետք է կարողանալ պաշտպանել, որին պետք է մասնակից լինի մեր հասարակությունը։ Ես դրական եմ համարում այն, որ շատ են խոսում պատերազմից, որովհետև շատ ավելի լավ է իրատեսական լինել։ Երբ քո թշնամին ամենաբարձր ատյաններով գրեթե ամեն օր հայտարարում է պատերազմի մասին, մեզ մոտ այդ մասին լռելն ու չխոսել շատ սխալ եմ համարում: Դա կարող է թուլացնել մեր զգոնությունը, ինչը խիստ վտանգավոր եմ համարում: Հայտնի բանաձև կա. ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։

-Իրանը ցանկություն է հայտնել մասնակցել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։ Եթե դա տեղի ունենա, ի՞նչ զարգացումներ եք հնարավոր համարում։

-Ես քիչ հավանական եմ համարում, որ Իրանը կկարողանա կարգավորման

գործընթացին ուղղակիորեն մասնակցել, որովհետև միջազգային հանրությունն իր հստակ վերաբերմունքն է արտահայտել, ըստ որի, այդ խնդիրը Մինսկի խմբի գործառույթների մեջ է։

-Թուրքիան վերջերս հայտարարեց, թե` քանի որ ինքը Մինսկի խմբի անդամ երկիր է, իրավունք ունի միջամտել Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:

-Թուրքիան Մինսկի անդամ երկիր է, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ որոշվեց, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը ոչ թե Մինսկի խմբի, այլ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում պետք է լուծվի։ Ամեն ինչ շատ պարզ է, որովհետև Հայաստանը չի կարող որպես միջնորդ ընկալել Թուրքիայի մասնակցությունը, որովհետև Թուրքիան այս հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունի։ Իհարկե, հասկանալի է բանակցային գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու Թուրքիայի ցանկությունը, բայց զուտ  աշխարհաքաղաքական ազդեցությունների առումով, որևիցե մեկը Թուրքիային թույլ չի տա գործընթացի անմիջական մասնակիցը դառնալ։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն