Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դավադրություն ազգերի դեմ

Փետրվար 10, 2010թ. 11:25

zmiddleeast-map-afterԱմերիկյան բանակի սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի «հետքերով»

Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն իր քաղաքականությունը աշխարհին մատուցում է փորձագիտական  ուսումնասիրությունների կենտրոնների միջոցով: Սա շատ հարմար տարբերակ է` արտաքուստ տպավորություն ստեղծելու, թե աշխարհի այս կամ այն անկյունը վերաձևելուն միտված փորձագիտական ծրագրերը ընդամենը այդ կենտրոնների  ուսումնասիրությունների արդյունք են: Մինչդեռ իրականում դրանք, լինելով պետականորեն հովանավորվող փորձագիտական կենտրոններ, շրջանառում են այն ծրագրերը, որոնք գերտերություն համարվող Միացյալ Նահանգները պատրաստվում է ժամանակի ընթացքում իրականություն դարձնել:

Եվ այսպես ներկայացնում ենք նմանատիպ նախագծերից մեկը.

Տարիներ առաջ արևմտյան մամուլում սկսեց շրջանառվել «Նոր Միջին Արևելք» հասկացությունը: Միանգամայն հասկանալի էր, որ խոսքը Արևմուտքի` Միջին Արևելքը վերաձևելու հրեշավոր ծրագրի մասին է: Կարճ ժամանակ անց համացանցի «Զինյալ ուժերի հանդեսի» (Armed Forces Journal) կայքում հայտնվեց ամերիկյան զինուժի պահեստի բարձրաստիճան սպա, փոխգնդապետ Ռալֆ Պիտերսի հեղինակած հոդվածն ու քարտեզը, որն ամբողջությամբ բացահայտեց ՆԱՏՕ-ի` Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի երկրներին ծնկի բերելու, պետությունները որպես ազգային միավորներ ոչնչացնելու և միակենտրոն ղեկավարման թելադրանքին ենթարկելու զարհուրելի ծրագիրը: Պարզ դարձավ, որ Արևմուտքը չի հրաժարվել աշխարհին տիրելու իր վաղեմի մարմաջից, ընդամենը ժամանակների փոփոխությամբ պայմանավորված` փոփոխել են սցենարներն ու դրանք կյանքի կոչելու միջոցները: Ըստ Պիտերսի քարտեզի` նախատեսվում է ոչ միայն պետությունների մասնատում, այլև ցամաքային ու ծովային նոր երկրների ստեղծում, որոնք Արևմուտքի ձեռքում ծառայելու են որպես վերահսկողություն իրականացնող կենտրոններ: Եվ այդ մասին Ռալֆ Պիտերսը բացահայտ ասում է` սահմանները փոփոխվելու են Կոնգոյից մինչև Կոսովո ու մինչև Կովկաս: Ռալֆը դրանով փաստորեն բացահայտում է եվրոպական ռազմական ուժերի տեղաբաշխման կենտրոնները:

Եվ այսպես` Եվրոպայում որպես ուժային կենտրոն կծառայի Կոսովոն, Աֆրիկայում` Կոնգոն, իսկ քաղաքակրթությունների խաչմերուկում` Կովկասը: Բնականաբար հարց կառաջանա` ինչո՞ւ են ընտրվել այդ երկրները:   Կոնգոն գտնվում է Աֆրիկայի կենտրոնում, միաժամանակ ունի ելք դեպի ծով, հետևապես նրա միջոցով հնարավոր է վերահսկել ողջ Աֆրիկան: Կոսովոն դիտվում է որպես եվրաամերիկյան քաղաքականության իրագործման բանալի: Եվ Ռալֆ Պիտերսը այն ընտրել է` նկատի ունենալով ալբանական տարրի գործոնը, որը եվրոպական զինուժի կազմում կարող է որպես լավագույն զինվոր ծառայել: Կովկասում այդպիսին համարվում են չեչենները: Այսինքն մուսուլմանները Արևմուտքի ծրագրերի իրականացման հիմնական գործիքն են լինելու:

Ազգերի ու պետությունների դեմ ուղղված արևմտյան դավադրության ծրագրի ներկա փուլում նախատեսվում է ստեղծել Մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգներ անունով ընդհանուր պետությունը, որն ըստ Ռալֆի քարտեզի` ներառելու է Հայաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Հորդանանն ու Աֆղանստանը: Ծրագիրն ուղղված է բոլոր հին ժողովուրդների ու քաղաքակրթությունների դեմ: Քանի որ նրանք ուղղորդվող չեն, պետք է այնպես անել, որ մասնատվեն, թուլանան, լինեն չիպավորված ու հեշտ կառավարելի: Իսկ այս ճանապարհին խանգարում են հայկական, հունական, սերբական, իսպանական, պարսկական, արաբական և այլ ազգային քաղաքակրթությունները»:

Անդրադառնանք քարտեզի` մեզ առավել հետաքրքրող «վերաձևումներին»: Նախ տեսնենք, թե Ռալֆ Պիտերսն ու նրա արևմտյան տերերն ի՞նչ ճակատագիր են վերապահել մեր երկրին:

Հայաստանին Պիտերսը դասում է «շահող» երկրների շարքին, նկատի ունենալով, որ Հայաստանին են վերադարձվում Արարատ լեռն ու մի փոքր հողակտոր` Անի մայրաքաղաքով: Թերևս դա դիտվում է փոխհատուցում Հայոց ցեղասպանության դիմաց: Ամերիկացի «քարտեզագետը»» այն միտքն է արտահայտում, թե Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանապարհով բռնազավթված հայության հայրենիքի 9/10-րդ մասը Արևմուտքը կարող է նվիրել նրա իրական տերերին կամ չնվիրել, ապա ակնարկում, թե հայերը նվեր ստանալու հույսեր թող չփայփայեն: Եվ սահմանային անարդարություն համարելով Քրդական պետության բացակայությունը` Ռալֆը Արևելան Հայաստանի` Կարս-Արդահան և Արևմտյան Հայաստանի տարածքները նվիրաբերում է ապագա Քրդական պետությանը: Ասենք, որ նա այսկերպ է վերաբերվում քարտեզին տեղ գտած բոլոր երկրների հետ, նրանց հուշելով, որ խնդիրների լուծման բանալին իրենց ձեռքում է և ակնարկում` մեզ հետ եք առևտուր անելու:

Արցախ. Արցախն առհասարակ չի երևում քարտեզի վրա:  կարելի է կարծել, թե այն ամբողջությամբ միացված է Ադրբեջանին: Հետաքրքիր է, որ իր քարտեզը` ըստ արյունակցական կապերի ու հավատի նմանությունների վերաձևած Ռալֆը Արցախի դեպքում զարմանալիորեն «մոռանում» է թե մեկի, թե մյուսի մասին ու արցախահայությանը դուրս թողնում մայր հայրենիքի` Հայաստանի սահմաններից:

Նախիջևան. Իրանից զավթած տարածքների հաշվին Նախիջևանը դուրս է բերվում անկլավային վիճակից և վերջնականապես միացվում Ադրբեջանին:

Ադրբեջան. Ռալֆն այս երկիրը ներկայացնում է որպես Նոր Միացյալ Ադրբեջան: «Այստեղ առկա է պատմական անարդարության փաստը. Ռալֆը հին հայկական Ատրպատականը նույնացնում է Ադրբեջանի հետ», ապա` Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին ստեղծում Նոր Ադրբեջան և այն հայտարարում պատմական արդարության «վերականգնման» փաստ:

Վրաստանն այս քարտեզում դեռ չի երևում, սակայն քանի որ ըստ Ռալֆի` սահմանները փոփոխվելու են մինչև Կովկաս` վաղ թե ուշ այս երկիրը ևս ներառվելու է:

Նույնկերպ քարտեզից դուրս է մնում Ռուսաստանը. միտումը հասկանալի է` Արևմուտքը դեռ նպատակահարմար չի գտնում բացահայտել այս երկրին առնչվող իր սցենարները:

Իրան. Ամեն ինչ արվել է այս երկիրը հնարավորինս մասնատելու համար: Իրանն իր տարածքի մի մասը զիջում է Նոր Ադրբեջանին, Քրդստանին, Արաբական Շիա պետությանը և նորաստեղծ «Ազատ Բելուջստանին»: Ըստ քարտեզի` Հայաստանն ու Իրանը կդադարեն սահմանակից երկրներ լինելուց: Դա հետապնդում է  ռազմավարական նպատակներ. քանի որ այդկերպ կլուծվի Իրանի մեկուսացման հարցը և այն վերջնականապես կսեղմվի ՆԱՏՕ-ական դաշնակիցների «աքցանի» մեջ:

Ի դեպ, Ծովային սահմաններ ունեցող բոլոր երկրները կորցնելու են իրենց առափնյա տարածքների մի մասը, և դրանց հաշվին ի հայտ են գալու նոր պետություններ: Արևմտամետ նորելուկ երկրների միջոցով ԱՄՆ-ն իր բռունցքի մեջ կհավաքի բոլոր երկրներին: Փաստ, ինչն ի դեպ Ռալֆը չի էլ թաքցնում. օրինակ` Սաուդյան Արաբիայի ծովային տարածքների հաշվին ստեղծվելու է մի նոր` իսլամական պետություն: Այն վերածելու է Վատիկանի նման երկրի, ուր քննարկվելու են Իսլամի խնդիրները: Այդ կազմավորումը Իսլամական որևէ պետության վերահսկողության տակ չի լինելու, այլ անմիջականորեն ենթարկվելու է Արևմուտքին` դառնալով իսլամական աշխարհի գլխին կախված կրոնական լծակ:

Պարզորոշ է, որ սահմանների վերագծելն այլ բան չէ, քան պետությունների ներքին գործերին` դրսից միջամտելու հնարավորություն: Իսկ միջամտության ձևերը բազմազան են, ամեն ինչ արվելու է լարվածության նոր օջախներ ստեղծելու նպատակով` ահաբեկչություններ, հակամարտությունների, կրոնական ու ազգային բախումների հրահրում: Պատկերը սարսափազդու է, քանի որ մի հսկայական տարածք ուղղակի վերածվելու է տարաբնույթ պատերազմների թատերաբեմի: Հետևելով քարտեզին` հասկանալի է դառնում ՆԱՏՕ-ի` որոշակի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Ակնհայտ են դառնում Աֆղանստանի, Իրաքի ու Իրանի միջև նախկին պատերազմների, Իրանի ներկայիս ատոմային էներգետիկայի հիմնախնդրի, նաև Իրաքի կրոնաքաղաքացիական պատերազմների բուն պատճառներն ու հեռահար նպատակները, Կոսովոյում կատարված էթնիկ զտումների քաղաքականությունը, որի հետևանքով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բացահայտ հովանավորությամբ սերբերի մասնատված հայրենիքի մի մասի տերերը դարձան եկվոր ալբանացիները:

Ռալֆի ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է, դրա վկայությունն են Իսրայելա-պաղեստինյան պատերազմական իրավիճակը Գազայի հատվածում, Ուկրաինայում շարունակաբար հրահրվող իշխանական ճգնաժամը: Այս տրամաբանության մեջ հասկանալի են դառնում նաև Արևմուտքի` կովկասյան հակամարտություններն անլուծելի դարձնելու ջանքերը: Այս շրջանակից դուրս չի մնում նաև Արցախի հիմնախնդիրը: Նույն սցենարի շարունակությունն էր վրաց-օսական պատերազմը:

Ծրագրի համաձայն պատերազմական իրադրության մեջ պետք է ներքաշվեին Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ապա Թուրքիան, Իրանն ու քրդերը: Քանզի ստեղծված խառնաշփոթը Արևմուտքի ձեռքում կլինի ամենաուժեղ փաստարկը` Կովկասում խաղաղարար ուժեր կուտակելու համար: «Բայց օգոստոսի 8-ին ծրագրի իրականացումն ընդհատվեց Ռուսաստանի` Օսիայի և Աբխազիայի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու քայլերի շնորհիվ: ԱՄՆ-ը սարսափեց ու զգուշացավ, որովհետև Ռուսաստանը խոսեց իրավունքի լեզվով ու շեշտեց, որ պատերազմի հանցագործները, էթնիկ զտումներ իրականացնողները` տվյալ դեպքում վրաց իշխանությունները, պետք է պատասխան տան Հաագայի դատարանում»: Այս առումով քաղաքագետը համոզված է, որ եթե Ռուսաստանը հավատարիմ մնա իր այս քաղաքական գծին ու ընթանա խնդիրների լուծման իրավական ճանապարհով, թերևս հնարավոր կլինի կասեցնել այս սարսափելի ծրագրի իրականացումը: Ոչ պակաս հույսեր է ներշնչում և Բարակ Օբամայի քաղաքականությունը:

«Օբաման հայտարարում է նոր փոփոխությունների մասին, քանզի այլ ելք չկա, ԱՄՆ-ն այլևս անկարող է շարունակել վերջին տասնամյակների իր` ժանդարմի դերն աշխարհում»:

Արհեստական վերաձևումն այսօր արդեն արժանանում է աշխարհի ժողովուրդների հակազդեցությանը: Ազգերի ու պետությունների դեմ ուղղված դավադրությունը կարող են կասեցնել միայն իրավունքի ու արդարության ճանապարհը բռնած ազգային պետությունները: Հետևաբար   այդ հարցում հայերս մեր ուրույն առաքելությունն ունենք և առանց երկմտելու պետք է լինենք պայքարի առաջին դիրքերում: «Մենք պետք է մեր ազգային խնդիրների լուծումն ուղղորդենք դեպի իրավական հարթություն, դրանով մերժելով քաղաքական պարտադրանքները, որոնք արևմտյան որոշակի շահեր են հետապնդում»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն