Ադրբեջանն իր օմբուդսմենի ինստիտուտը փորձում է վերածել տեղեկատվական պատերազմների հարթություններից մեկը
«Այսօր մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա հատկապես նշել է այն, որ Ադրբեջանն իր օմբուդսմենի ինստիտուտը փորձում է վերածել տեղեկատվական պատերազմների հարթություններից մեկը:
Մասնավորապես, մի քանի ամիս առաջ Ղարաբաղի օմբուդսմենը դարձել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի անդամ, և այս ամիսների ընթացքում Ադրբեջանն իր բոլոր լծակներով հատուկ, շատ լուրջ հարձակումներ էր սկսել` չեղյալ համարելու համար Ղարաբաղի օմբուդսմենի անդամությունը. «Դա նրանց չհաջողվեց, սկսեց քննարկվել մնացած չճանաչված երկրների օմբուդսմենների անդամ դառնալու հարցը»:
Ինչ վերաբերում է վերջերս մամուլում շրջանառվող լուրերին, թե օմբուդսմենը գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնելու առաջարկ է ստացել, Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքը չի պատրաստվում զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը. «Մեր մամուլն ինչ-որ մի բան գրում է, հետո մեզ ասում` կարող ե՞ք մեկնաբանել: Հիմա, ես ձեր գրածն ինչպես մեկնաբանեմ: Եթե կոնկրետ առաջարկին է վերաբերում, ապա նման առաջարկ չի եղել:
Մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե օմբուդսմենը ինչու պետք է իր ժամկետը չլրացած գնա եւ գլխավոր դատախազ դառնա: Դա ինչ-որ տեղ բոլոր նախորդ արածների վրա ստվեր է գցում»,-ասաց նա` հավելելով, որ մի քանի ամիս առաջ էլ մամուլը գրել էր իրեն արդարադատության նախարարի պաշտոնը առաջարկելու մասին:
Արմեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակը գազի, ջրի թանկացման հետ կապված գրություն է պատրաստում, քանի որ թանկացումների հետ կապված բազմաթիվ դիմումներ է ստացել:
«Եթե իրական թանկացումից երկու անգամ ավելին ես թանկացնում, և հիմնական բեռը դնում ես քաղաքացու վրա, այլ ոչ թե ձեռնարկությունների, որոնք գիտենք՝ մեր մոնոպոլ տնտեսական համակրգում ումն են և ինչպես են, ապա սա միանշանակ կարելի է համարել մեր սահմանդրության տեսնակյունից հակասոցիալական քայլ»,-նշել է օմբուդսմենը:
ArmAr.am












