ՀՀ նախագահի հրահանգով արձանագրությունները կմտնեն խորհրդարան
«Այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար»,- Լոնդոնում` «Չեթթըմ հաուս»-ում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ է ընթանում սահմանված կարգով, առանց ուշացումների, ինչ-որ տեղ նաև ընթացակարգային գրաֆիկից առաջ ընկնելով:
«Հայաստանում վավերացման գործընթացն ընթանում է սահմանված կարգով և առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ»,- նշել է նախագահ Սարգսյանն ու հավելել.
«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է միաձայն, առանց որևէ հատուկ կարծիքի. մի բան, որ իսկապես շատ խոսուն է: Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրությունները չեն պարունակում որևէ դրույթ, որը կարող է մեկնաբանվել որպես հակասող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին»:
ArmAr.am












