ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին տեղեկացրել է պաշտոնական Երևանի մոտեցումների մասին:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը` մեր երկրի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար:
Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը և նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:
Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երևան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաևայի մասնակցությամբ: «Երևան`իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին: Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ:
ArmAr.am












