Եկեղեցի կառուցելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը
Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում և Ներքին Շենգավիթի Սուրբ Խաչ մատուռում Խաչվերացի տոնը կրկնակի ուրախություն էր: Բացի այն, որ համայնքի հավատացյալները տոնում էին Խաչվերացի տոնը, միաժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծում էր եկեղեցու զանգակատան խաչը և մատուռի մկրտության ավազանը:
Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է բարերար Խաչատուր Վարդանյանի օժանդակությամբ, ով Մայր Աթոռի կողմից պարգևատրվեց Ներսես Շնորհալի շքանշանով: Սուրբ Խաչի շինարարությունն ավարտվել է 2006թ., իսկ զանգակատանը` 2009-ին: Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնի խորհուրդը մեկնաբանեց ոչ միայն Խաչը գերությունից ազատելով, այլև այն վեր կամ երկինք բարձրացնելով: Չնայած տոնախմբության ժամանակ հորդառատ անձրև տեղաց, այն չխանգարեց եկեղեցու բակում հավաքվածներին: Տոնի խորհրդի համաձայն` հավատացյալների ներկայությամբ զանգակատան Խաչը երկինք «բարձրացավ», որին հաջորդեց տոնախմբությունը: Այսուհետ հավատացյալները եկեղեցի կգան զանգերի ղողանջի ուղեկցությամբ:
«Սուրբ Խաչ Եկեղեցին վստահաբար կդառնա այն նվիրական վայրը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր հոգու անդորրը և սրտամոտ խոսք կբանա Երկնային Տիրոջ առջև: Եկեղեցի կառուցելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը, և այս քարե կառույցը վավերական կդառնա միմիայն ձեր աղոթքներով», – իր խոսքում նշեց Սրբազան Հայրը:
Սուրբ Խաչ եկեղեցու զանգակատան Խաչի օծումից հետո Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հավատացյալների մի մասի հետ ուղևորվեց Սուրբ Խաչ մատուռ, որտեղ օծվելու էր մկրտության ավազանը:
Այս փոքրիկ մատուռի բակը ևս մարդաշատ էր: Հարևանությամբ բնակվողների համար մեծ խորհուրդ ունի մատուռը, որը ժողովրդին առավել հայտնի է որպես Խաչքար: Այսուհետ Սուրբ Խաչ մատուռում ևս հնարավոր է մկրտություն իրականցնել: Մկրտելու է Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Վահան Առաքելյանը. մկրտվելու ցանկություն հայտնածների թիվն արդեն իսկ հասնում էր տասնյակների:
«Համայնքի հավատացյալների հետ պարբերաբար հանդիպումների ընթացքում հասկացա, թե որքան անհրաժեշտ է մատուռում մկրտության ավազան տեղադրել: Հավատացյալները, հոգեպես կապված լինելով իրենց սրբավայրի հետ, շատ են ցանկանում մկրտվել հենց այդտեղ», – պատմեց Տեր Վահանը:
Անգամ ամպամած օրը և պարբերաբար տեղացող անձրևը չխանգարեց միմյանցից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում և նույնանուն մատուռում անցկացվող Խաչվերացի տոնախմբություններին:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ
Թեգեր` Սուրբ Խաչ եկեղեցի












