Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ուկրաինական ընտրությունների ամերիկյան PR-ը

Փետրվար 11, 2010թ. 10:20

1111Թեև նախագահական ընտրություններն Ուկրաինայում ավարտվել են, սակայն այն դեռ երկար ժամանակ կմնա վերլուծաբանների և լրագրողների ուղադրության կենտրոնում:

Աշխարհի գրեթե բոլոր լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում գտնվող ուկրաինական զարգացումներն ուսումնասիրվում և մեկնաբանվում են տարբեր տեսանկյուններից:

Ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնալ» («Wall Street Journal») պարբերականը ուշագրավ փաստեր է հրապարակել նախագահի թեկնածուների PR խորհրդատուների մասին: 2004թ. նախագահական ընտրություններում ձախողվելուց հետո Վիկտոր Յանուկովիչի քաղաքական իմիջով սկսել է զբաղվել ամերիկացի մասնագետ Փոլ Մանաֆորդը: Նա 1996թ. խորհրդատվական ծառայություններ է մատուցել նաև սենատոր Ռոբերտ Դոուլին: Մանաֆորդը օգնել է նաև ուկրաինացի գործարար Ախմետովին, երբ վերջինս փորձում էր ընդլայնել իր գործունեությունը արևմտյան ֆինանսական շուկայում: Քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Մանաֆորդը լավ էր աշխատում. արդեն 2006թ. Յանուկովիչի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում և ճանապարհ հարթում նախագահական ընտրարշավի համար:

Հարկ է նշել, որ Ուկրաինայում միայն Յանուկովիչը չէ, որ օգտվում է PR-ի արտասահմանյան մասնագետների ծառայություններից: Նախագահի մյուս թեկնածուի՝ Յուլիա Տիմոշենկոյի քաղաքական կերպարը կերտում էր ամերիկյան AKRP ընկերությունը, որի հիմնադիր Դեյվիդ Աքսելրոդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդականն է: Ընկերությունը առաջարկներ է ներկայացրել քվեարկության կազմակերպման, վիճակագրական հարցումների անցկացման և այլ խնդիրների շուրջ:

Իսկ գործող (արդեն՝ նախկին) նախագահ Վիկտոր Յուշչենկոյին խորհուրդներ էր տալիս Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի գլխավոր ստրատեգ Մարկ Փենը:

Հետաքրքիր է, որ Ուկրաինայում նախագահի բոլոր թեկնածուները գերադասում են գործ ունենալ ամերիկացի մասնագետների հետ: Իսկ դա վկայում է նաև, որ քարոզչության մեր դարում քաղաքական գործչի «կերպարի» կառուցումը շատ ավելի առաջնահերթ ու կարևոր է դարձել, քան նրա դավանած գաղափարներն ու սոցիալ-քաղաքական խնդիրների լուծման ճանապարհները:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն