Հրեա ազդեցիկ սենատորը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազդեցիկ անդամներից մեկը` ծագումով հրեա սենատոր Ժոզեֆ Լիբերմանը, Ամերիկայի հայկական համագումարին հղած իր նամակում մեծապես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից` համարելով դա ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարց, այլ նաև ներազգային բարոյականության տեսանկյունից էական հանգամանք:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը:
Լիբերմանն ընդգծել է, որ նախորդ դարասկազբին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից շուրջ մեկուկես միլիոն հայերի բնաջնջումը հարկ է դիտել իբրև մարդկության դեմ գործված մեծագույն ոճիր` ցեղասպանություն:
Անկարելի է չնկատել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ պայքարող թուրք զանգվածները աստիճանաբար զրկվում են արտերկրի իրենց ծանր հրետանուց` հրեական լոբբիստական ուժերից:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձևը:
ArmAr.am












