Ալեքսանդր Մանասյան. «Սերժ Սարգսյանը շատ նրբանկատորեն բարձրացրեց Նախիջևանի հարցը»
Երեկ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավական հետաքրքիր և խորքային ելույթով:
ArmAr.am-ի խնդրանքով փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն այս կերպ գնահատեց ՀՀ նախագահի ելույթը. «ՀՀ նախագահի ելույթի ընդհանուր տոնը շատ ծանրակշիռ էր, հանդարտ էր և հավատ ներշնչող` առ այն, որ Հայաստանը հուսալի գործընկեր է։ Ելույթի ընդհանուր տոնայնությունը հանգիստ էր, ինքնավստահության երանգ կար ամբողջ ելույթի մեջ, և Նախագահի վստահ կեցվածքը հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանը ոչինչ չունի աշխարհից թաքցնելու, Հայաստանը միայն ճշմարտության կողմնակիցն է։ Այսինքն, մենք պատրաստ ենք մեր բոլոր հարևան երկրների հետ համագործակցել` ճշմարտության, խաղաղության, հավասարության սկզբունքների հիման վրա», – ասաց պրոֆեսոր Ա. Մանասյանը։
Նա միաժամանակ նկատեց, թե Նախագահի ելույթում նոր շեշտադրումներ նկատվեցին, մի բան որ ՀՀ նախորդ նախագահների ելույթներում երբևէ չեն եղել։ «Ամենից առաջ նկատի ունեմ Նախիջևանի խնդիրը, ինչը շատ նրբանկատ ձևով բարձրացրեց Սերժ Սարգսյանը: Նախիջևանի խնդիրը առաջին անգամ դրվեց շրջանառության մեջ: Սա ինքնին նշանակում է, որ մեր արտաքին քաղաքական կողմնորոշումներում նոր շեշտեր են հայտնվել։ Կարծում եմ, որ առաջիկայում պետք է սպասել Բաքվի հակադարձող աղմուկին»։ Քաղաքագետը նկատում է, որ Բաքվի հերթական աղմկարար արձագանքներին մենք պետք է պատրաստ լինենք և անպայման հակադարձենք:
Ալեքսանդր Մանասյանը միայն մեկ հարցում համաձայն չէ նախագահի հետ. «Քերոլայն Քոքսի այն հարցադրմանը, թե Հայաստանը համարժեք պատասխաններ չի տալիս Բաքվի քարոզչական մեքենայի կողմից աշխարհով մեկ սփռվող կեղծարարություններին, ՀՀ նախագահը պատասխանեց, որ մենք դրա վրա միլիոններ չենք ծախսելու։ Ես այստեղ մի փոքր տարաձայնություն ունեմ, կարծում եմ, որ մենք իրավունք չունենք տանուլ տան նաև քարոզչական պատերազմում. Կարելի է նույն դաշտում, շատ ավելի համեստ միջոցներով, բացահայտել այն կեղծիքները, որոնք տեղեկատվական, քարոզչական դաշտում դիմում է Բաքուն»։
Անդրադառնալով Արցախյան խնդրի հետ կապված ՀՀ նախագահի ելույթում տեղ գտած շեշտադրումներին, Ա. Մանասյանը կարևորեց ասվածը, սակայն, միաժամանակ հավելեց. «Կարծում եմ, որ խնդրի լուծումը չպետք է կապել միայն ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ, որի կիրառումը Արցախի դեպքում, միանշանակ չէ։ Զուգահեռաբար պետք է շեշտել, որ` ո’չ միայն ազգերի ինքնորոշման սկզբունքի տեսակետից է Ղարաբաղի անկախացումը եղել անբասիր, այլև նաև այն, որ ԼՂՀ–ն իր անկախությունը հռչակել է մերօրյա Ադրբեջանական հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում։ Ուստի, պետք է բացել փակագծերը և խնդրի քննարկումը չտանել միայն ազգերի ինքնորշման սկզբունքի հունով»,–եզրափակեց պրոֆեսորը:
ArmAr.am












