Իրանի դեսպանի մշակութային վրիպումը
Օրերս գրողների միության փոքր դահլիճում գրքի շնորհանդես էր. թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը հայ հանրությանը ներկայացրեց Աբբաս
Ջահանգիրյանի «Ֆարաբի» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահը, Իրանի դեսպանը, հայ գրողներ, Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի պատասխանատուներ։
Հնչեցին տարբեր գնահատականներ գրքի թարգմանության նշանակության մասին: Ինչպես նաև, կարևորվեց երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացումն ու ընդլայնումը: Իրանի դեսպանը՝ կարևորելով գրքի թարգմանությունը, հիշեց նաև հայոց մեծ երգահանին` Կոմիտասին: Բարձր գնահատելով երգահանի դերը հայ երգարվեստում, Իրանի դեսպանը, սակայն, մեղմ ասած, տարօրինակ և իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող միտք արտահայտեց, թե «Կոմիտասի երաժշտության հիմքում ընկած է իրանական երգարվեստը»։
Իրանի դեսպանի շուրթերից նման կեղծ տեղեկատվության տարածումը չէր կարող չառաջանել ներկաների անհանգստությունն ու վրդովմունքը: Եվ բնականաբար, այն արժանացավ դահլիչի հակազդեցությանն, ու մեծ աղմուկ բարձրացավ: Ներկաների համար ցավալին ու անհանգստացնողն այն գիտակցումն էր, որ մեր բարեկամ Իրանը ներկայացնող դեսպանը կարող էր իրեն թույլ տալ անել մի բան, որ շատ հատուկ է մեր արևելյան հարևանին` Ադրբեջանին: Բայց եթե ադրբեջանցիների` պատմություն կողոպտելու, մշակութային արժեքները սեփականելու տխուր սովորույթին վաղուց ենք վարժվել, ապա այդ ձեռագիրն ամենևին հարիր չէ բազմադարյան պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցչին:
ArmAr.am












