Աբդուլլահ Գյուլի` ՀՀ Նախագահին ուղղված նամակի բովանդակությունը
Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում հրապարկվել է Աբդուլահ Գյուլի` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան նամակի բովանդակությունը:
Ստորև ներկայացնում ենք այդ նամակը:
«Ձերդ Գերազանցություն,
Սիրելի բարեկամ,
Շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ Թուրքիայի օդային տարածքով անցնելու կապակցությամբ ինձ հղած ջերմ նամակի համար: Այդ առիթով ես էլ Ձեզ և հարևան հայ ժողովրդին եմ հղում իմ պատասխան ողջույնները:
Գոհունակությամբ եմ ընդունում ուղերձի միջոցով արտահայտած Ձեր մտքերը: Համամիտ եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ մեր երկկողմ ջանքերը, հակամարտություններով հագեցած մեր տարածաշրջանում խաղաղության նոր հույս արթնացնելով, արդարացիորեն միջազգային հետաքրքրություն են ներկայացնում:
Հարևան մեր ժողովուրդների միջև երկար ժամանակ գոյություն ունեցող նախապաշարմունքների հաղթահարումը, փոխադարձ ընկալումը և վստահության մթնոլորտի ստեղծումը, ըստ էության, ձևավորում են մեր երկու երկրների միջև կարգավորման գործընթացը սատարող գլխավոր նպատակները: Կարող եք կասկած չունենալ, որ քանի դեռ այս մտադրության ու պարտավորությունների փոխադարձությունը պահպանվում է, մեր հաստատակամությունը չի պակասի այդ ձգտումներն առաջ մղելու հարցում:
Նաև համամիտ եմ, որ պատասխանատվություն ստանձնած կառավարությունը հարկ է, որ տրված խոստումները վերածի գործերի: Հետևաբար, մենք շարունակելու ենք աշխատել կարգավորման գործընթացի ուղղությամբ՝ մեր երկրների միջև ձեռք բերված փոխըմբռնման հիմքի վրա։
Պետք է գիտակցենք, որ պատմական նշանակության այս գործընթացն ավարտին հասցնելու, մեր ստանձնած պարտականությունները լիարժեքորեն կատարելու համար բավականաչափ քաղաքական համարձակություն և տեսլական ցուցաբերել կարողանալու անհրաժեշտություն կա:
Մեր ընդհանուր նպատակը տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար հարատև խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն և համագործակցություն բովանդակող ապագա ունենալն է: Շարունակելու եմ առկա գործընթացով անձամբ զբաղվել` մեր երկրների համար գոհացուցիչ արդյունքի հասնելու հույսով:
Ընդունեք խնդրում եմ խորին հարգանքներս»:












