Փակելով հայ-թուրքական սահմանը Թուրքիան ինքն է խախտել Կարսի պայմանագիրը
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հետ
– Որքանո՞վ է ճիշտ հայ-թուրքական «երկկողմ սահմանների բացում» արտահայտությունը
– Երկկողմ բացման մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երբեք սահման չի փակել. ինչպես հայտնի է, սահմանը փակվել է Թուրքիայի Հանրապետության կողմից, ընդ որում, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, քանի որ որևէ ինքնավար պետության նկատմամբ նման արգելքներ կիրառելու իրավասություն ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Հետևապես, այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե փակ սահմանի, այլ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման փաստի հետ: Բայց երբ մենք խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացման մասին, միջազգային հանրության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն ու Թուրքիան են փակել սահմանը: Նման ձևակերպմամբ մենք ինքներս մեզ համար ստեղծում ենք անբարենպաստ վիճակի : Իրերը պետք է անվանել իրենց անուններով: Սահման փակողն էլ այն պետք է բացի:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որքանո՞վ է առնչվում ԼՂՀ հիմնախնդրի հետ:
-Որոշ քաղաքագետներ պնդում են, թե Թուրքիան այլևս չպետք է լինի Ադրբեջանի «պապայի» դերում, և Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորված է իր իսկ շահերով, ուստի ներկա զարգացումները ԼՂՀ հիմնահարցի վրա ազդեցություն չեն ունենա: Սակայն ես նման պնդումներն իրատեսական չեմ համարում և կարծում եմ, որ այս երկու գործընթացները սերտորեն փոխկապակցված են: Հազիվ թե մեզ հետ հարաբերություններ հաստատելու մղումն այնքան մեծ է, որ Թուրքիան առավել նպատակահարմար դիտի հարաբերությունների խզումը իր կրտսեր եղբոր` Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ղարաբաղյան կարգավորման հետ զուգահեռ ընթանա, որովհետև Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայում այնքան մեծ է, որ հազիվ թե Ադրբեջանի շահերը մի կողմ դրվեն` հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Նաև նկատելի է , որ այդ երկու երկրների միջև կայացվել են նախնական պայմանավորվածություններ: Այն, որ Ադրբեջանն այսօր այնքան էլ չի վայրահաչում այս գործընթացի շուրջ, հենց փաստում է Անկարա-Բաքու պայմանավորվածության մասին: Ես վստահ եմ, որ հայ-թուրքական կարգավորման ընթացքում ադրբեջանական գործոնը մշտապես իր դերն ունենալու է:
-Հայկական կողմն ինչու՞ չի բարձրաձայնում Կարսի բազմակողմ միջազգային պայմանագրի այն կետը, որում հստակ խոսվում է Նախիջևանի կագավիճակի մասին:
-Նախիջևանի խնդիրը մի փոքր այլ է, եթե մենք մեր բոլոր խնդիրները խառնենք իրար, ապա խառնաշփոթ կառաջանա: Բայց Կարսի պայմանագրի հետ կապված կոնկրետ կարող եմ ասել հետևյալը. Նախ, այն Մոսկվայի պայմանագրի թելադրանքով ստորագրված փաստաթուղթ է, այսինքն, Խորհրդային Ռուսաստանը, համաձայն Մոսկովյան պայմանագրի, պարտավորություն էր ստանձնել` ստիպել Անդրկովկասյան Հանրապետություններին, որ Թուրքիայի հետ նոր պայմանագրեր կնքվեն, ինչը տեղի ունեցավ ի դեմս Կարսի պայմանագրի: Եվ ուրեմն, ստիպողաբար կնքված պայմանագիրը չի կարող ճանաչվել որպես միջազգային իրավունքի նորմ: Երկրորդ. այդ ժամանակ ոչ Խորհրդային Հայաստանը և ոչ էլ Քեմալական Թուրքիան միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն հանդիսացել, որովհետև Ազգերի լիգան դեռևս այդ պետություններին չէր ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ: Այսինքն, Կարսի պայմանագիրը ստորագրվել է միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող երկու պետությունների միջև:Սա խոսում է այն մասին, որ Կարսի պայմանագրիը այդ տեսակետից բավական խնդիրներ ունի: Եվ եթե դա էլ մի կողմ թողնենք, ուղղակի վերցնենք այդ պայմանագրի կետերն ու կարդանք, այդտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ երկու կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրականացվի մարդկանց և ապրանքների անխափան փոխադրումներ հայ-թուրքական սահմանի այս կամ այն կողմում և, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան իրականացրել է ՀՀ-ի շրջափակումը` փակելով հայ-թուրքական սահմանը, ուրեմն ինքն է խախտել Կարսի պայմանագիրն ու նրա դրույթները: Սա կարող է հիմք ծառայել, որ Հայաստանն այդ պայմանագիրը չեղյալ համարի, քանի որ հակառակ կողմը չի պահպանել պայմանագրի կետերն ու դրույթները:
-Հայ-թուրքական հարաբերությունների դիվանագիտական հաստատումը չի՞ ենթադրում, որ Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումով այլևս իրավունք չենք ունենա մեր պատմական հայրենիքի` Արևմտյան Հայաստանի հարցում տարածքային պահանջներ ներկայացնել:
– Թուրքիայի տարածքների ամբողջականության ճանաչումն ու հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչումը նշանակում է,որ պահանջատիրության հիմնական դրույթը` մեր պատմական հայրենիքի վերադարձը, դրվում է մեծ հարցականի տակ, այսինքն, մենք պետք է խաչ քաշենք մեր պատմական հայրենիքի վրա:
– Սրանով այլևս դադարում ենք պահանաջատեր լինել նաև այն տարածքների նկատմամբ, որոնք մինչ հայ-թուրքական պատերազմը երբեք չեն պատկանել Թուրքիային:
Այո, դրանով նաև մենք իրավունք չունենք պահանջելու Կարսի մարզը, որը մինչև հայ-թուրքական պատերազմը երբեք չի եղել Թուրքիայի կազմում և միայն ռազմական բռնակցման հետևանքով է միացվել Թուրքիային: Սկզբից այդ պահանջը տեղ գտավ Մոսկվայի պայմանագրում, երբ Խորհրդային Ռուսաստանը հրաժարվեց այդ տարածքներից և հետո պարտադրեց Խորհրդային Հայաստանին հրաժարվել Կարսի մարզից ու այն տարածքներից, որոնք մինչ այդ Թուրքիայի սահմաններում չեն եղել:
– Նախագահ Սարգսյանի գնալ-չգնալը Թուրքիա` հոկտեմբերին կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը, ինչքանով է կարևոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Կարևոր է այնքանով, որքանով Գյուլի այցը Հայաստան, այսինքն, եթե պատասխան այց է տեղի ունենում, դա ևս կարելի է համարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ: Կարելի է առանց սահմանը բացելու էլ գնալ, չէ՞ որ հայ-թուրքական սահմանը փակ էր, երբ Գյուլը ժամանեց Երևան:Գուցե և Սերժ ՍԱրգսյանի այցը տեղի ունենա փակ սահմանի դեպքում ևս: Ես չգիտեմ` արդյո՞ք այդքան էական հարց է բացելու պայմանով գնալ կամ չգնալը: Գուցե դա համարվում է նվաճում, բայց պետք է իրատես գնահատել, թե հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը վերացնելու գինը ո՞րն է: Եթե պատմական հայրենիքից հրաժարվելն է կամ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը ուրացման կամ մոռացության տալը, ապա պետք չի այդ գնով սահման բացել: Այսինքն, անընդհատ խոսվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, բայց ներկա գործընթացներն ու զարգացումները ցույց են տալիս, որ թուրքական նախապայմանները, որոնք առաջ բանավոր էին հնչեցվում, արդեն տեղ են գտնում փաստաթղթի դրույթներում: Այդ նախապայմանները վերաբերում են, մասնավորապես, տարածքային ամբողջականությանն ու սահմանի ճանաչմանը:
-Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացում ՌԴ-ի և ԱՄՆ-ի ազդեցությունը ինչքանո՞վ է նպաստավոր Հայաստանի համար:
– Ելնելով աշխարհի գլոբալացման գործընթացներից` այդ երկրներն, իհարկե, ողջունում են ցանկացած փակ սահմանի բացում, և առաջին հայացքից թվում է, թե անկեղծ շահագրգռված են հայերի ու թուրքերի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Սակայն ինչպես նախկինում է եղել, հիմա էլ նույնն է, քանզի առաջնորդվում են բացառապես իրենց տարածաշրջանային շահերով և դրանից ելնելով են ողջունում կամ մերժում ցանկացած գործընթաց: Խոսքը վերաբերում է նաև հայ-թուրքական կարգավորման վերջին գործընթացներին:
Վանիկ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
Թեգեր` Ադրբեջա, Արմեն Մարուքյան, Թուրքիա, ԼՂՀ, Հայաստան












