Հանձին Ադրբեջանի գործ ունենք ագրեսոր ու օկուպանտ պետության հետ
1990թ. փետրվարի 12-ին ՀԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց «1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումը անօրինական ճանաչելու մասին»:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ որոշումը:
Այսպես. 1921 հուլիսի 5-ին թ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով հանձնվեց Խորհրդային Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը:
Բնականաբար, հարց է ծագում` իսկ ունե՞ր, արդյոք, ՌԿ(բ)Կ Կովբյուրոն նման որոշում կայացնելու իրավասություն: Հարցի պատասխանը հասկանալի կդառնա, եթե արձանագրենք հետևյալ կարևորագույն պատմական փաստը: Բանն այն է, որ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշում կոչվածը, իրականում ոչ քննարկվել է, ոչ էլ քվեարկության դրվել: Հետևապես, որոշման ընդունում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Ստալինն ընդամենն ընթերցել է իր իսկ կայացրած որոշման տեքստն ու… այն համարվել է ընդունված:
Պատմությունից հայտնի է, թե ո՞րն էր իրականում Կենտրոնի նպատակը, այն է` Խորհրդային Ադրբեջանը ծառայեցնել որպես պլացդարմ` դեպի Արևելք կարմիր հեղափոխությունը տարածելու համար: Եվ ահա, Ադրբեջան կոչված այդ արհեստածին պետությունը տարածքային առումով ընդարձակելու նպատակով` 1921-ի հուլիսին Խորհրդային Ադրբեջանի կողմից Հայաստանի անբաժանելի մաս ճանաչված Լեռնային Ղարաբաղը (նկատենք, որ խոսքը վերաբերում է ողջ Լեռնային Ղարաբաղին` ներկայիս ազատագրված տարածքներով հանդերձ) ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի ապօրինի որոշմամբ, օտարվում է Հայաստանից ու ներառվում Խորհրդային Ադրբեջանի «սահմանների մեջ»: Հակաօրինական այդ բռնազավթումն իրականացվեց ինտերնացիոնալիզմի ու «հանուն կարմիր հեղափոխության» լոզունգների ներքո, հակառակ դեպքում հայությունը կընդվզեր իր հողերը Ադրբեջանին բռնակցելու դեմ:
Հիշեցնենք, որ նույն ընթացքում Կարսի պայմանագրի համաձայն էլ Նախիջևանը օտարվեց Խորհրդային Հայաստանից. Ի դեպ, այն հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը:
Լեռնային Ղարաբաղի պարագայում առկա էր հետևյալ պայմանը` ողջ Լեռնային Ղարաբաղին տալ մարզային լայն ինքնավարություն: Փաստաթղթում գրված է. «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային հաշտության անհրաժեշտությունից, Վերին ու Ներքին Լեռնային Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում` նրան տալով մարզային լայն ինքնավարություն` նրա կազմի մեջ մտնող Շուշի վարչական կենտրոնով»:
Վերլուծելով փաստաթուղթը նկատում ենք, որ.
առաջին` հիշյալ փաստաթղթով Ղարաբաղն ամենևին չի համարվել Ադրբեջանի մաս, հակառակը` Ադրբեջանի հետ Ղարաբաղի տնտեսական կապի մասին փաստարկում Ղարաբաղն ու Ադրբեջանը դիտվում են որպես աշխարհագրորեն տարբեր տարածքներ.
երկրորդ, հստակորեն արձանագրված է, որ ԼՂ-ն թողնվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ԱդրԽՍՀ սահմաններում և ամբողջ Լեռնային Ղարաբաղին տրվում է մարզային լայն ինքնավարություն:
Մինչդեռ ընդամենը երկու տարի անց` 1923-ին Բաքուն խախտելով Կովբյուրոյի որոշումը, Լեռնային Ղարաբաղից պոկում է Քարվաճառը (Քելբաջար), Քաշաթաղը (Լաչինը), Կարյագինոն (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան), Շահումյանը, Խանլարը և մյուս շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի մի փոքրիկ մասի` ընդամենը մեկ քառորդի վրա հռչակում ԼՂԻՄ-ի ինքնավար մարզ: Հետևապես, մարզի սահմանները ոչ թե միջազգային պայմանագրի, այլ Բաքվի կողմից գծված սահմաններ են:
Արցախա-ադրբեջանական պատերազմում հայկական բանակին հաջողվեց ազատագրել այն հայկական տարածքները, որոնք անցած դարասկզբին խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար մաս-մաս պոկել էր ու օտարել Արցախից:
Ավելին, մենք դեռ ամբողջությամբ չենք ազատագրել այն տարածքները, որոնք իրականում պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի մարզի սահմաններում: Խոսքը Կենտրոնական և Հյուսիսային Լեռնային Ղարաբաղի մասին է, որոնք այսօր դեռ շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից:
Այնպես որ, իրավական փաստաթղթերը հաստատում են, որ տարածքներ գրավել ենք ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները: Հետևապես, հանձին Ադրբեջանի գործ ունենք ագրեսոր ու օկուպանտ պետության հետ:
Ա.Սիմոնյան
ArmAr.am
Թեգ- Ադրբեջան, օկուպանտ, ագրեսոր, Ստալին,1921 հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշումը, Քարվաճառ (Քելբաջար), Քաշաթաղ (Լաչին), Կարյագինոն (Ֆիզուլի), Կովսական (Զանգելան), Շահումյան, Խանլար












