Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«Վարդանանց պատերազմն ավարտված չէ»

Փետրվար 12, 2010թ. 12:05

v2pՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը

Փետրվարի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Քարոզի ընթացքին անդրադառնալով սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին` պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշեց. «Չվախենանք նրանցից, որ կարող են մարմինը սպանել։ Հոգին սպանելն անհնարին է: Մարդիկ իրար սպանում են զանազան պատճառներով և ակնկալիքներով, և ամբողջ պատմության ընթացքին երևում է մարդու ըմբոստ ոգին` սեփական ազատությունն ու իրավունքները պաշտպանելուն ի խնդիր: Նույնը եղավ նաև Վարդանանց պարագային, երբ մի ամբողջ ազգ ոտքի ելավ իր իսկ կամավորաբար ընդունած հավատքը պաշտպանելու նրանցից, ովքեր նպատակ ունեին զրկել վերջինիս սեփական հավատքն ունենալու և ազատորեն  պաշտելու իրավունքից: …Վարդանանց պատերազմն ավարտված չէ, շարունակվում է նաև այսօր, շարունակվում է բոլոր նրանց դեմ, ովքեր ուզում են վերացնել մեր ազգի հոգին` Հայոց Եկեղեցին: Եվ այդ շարունակվող պատերազմի ընթացքին յուրաքանչյուրս պարտականություն ունենք մեզ համարելու և զգալու իբրև Վարդանանց հետևորդներ, քաջ Վարդանի զինվորներ…»:

Սրբոց Վարդանանց օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնը: Այս առիթով հավարտ Սուրբ Պատարագի Մայր Տաճարում հանդիսավոր կերպով կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղոթք ուղղեցին Բարձրյալ Տիրոջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաջառողջության և խաղաղ ու բեղուն հայրապետության համար:

Նույն օրը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նախագահությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի: Վարդանանց հերոսամարտի մասին բանախոսությամբ հանդես եկեավ ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը՝ ներկաների ուշադրությունը վերստին սևեռելով Վարդանանց կատարած գործի և ոգու վրա: Տոնին նվիրված շարականների և հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցան Ճեմարանի սաները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն