«Տրնդեզն արա, դուրս ել բակը, Սբխեջն արա, մտիր բակը»
Այսօր կայացած մամուլի ասուլիսում ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն անդրադարձավ Տյառնընդառաջի ժողովրդական հավատալիքներին:
«Ժողովրդական սովորության համաձայն, այդ օրը ընդունված է եկեղեցու բակում խարույկ վառել: Բացի քրիստոնեականից, տոնն ունի նաև մեկ այլ մեկնաբանություն: Ինչպես բոլոր տոների, այնպես էլ Տյառնընդառաջի հիմքում ընկած է տարվա տնտեսական բաժանումը, այսինքն` երկրագործական շրջանը. հայ մարդը տարին բաժանում էր հետևյալ շրջանների` վարուցանքի, բերքի հասունացման, բերքի հավաքման ժամանակաշրջան, և այդ փուլերն ուղեկցվում էին ծեսերով և ծիսակատարություններով: Տյառնընդառաջը գարնանային ցիկլի տոներից է և գարնան գալուստն է ավետում:
Հայերը խարույկ էին վառում և, ըստ հավատալիքի, հեռացնում էին ձմեռը: Տոնական ուտեստներ, աղանձ էին պատրաստում, որը պիտի նպաստեր ապագա վարուցանքին: Աղանձը շաղ էին տալիս բոլորի գլուխներին, որ այդ տարի բեղուն, պտղաբեր լիներ»,- ասաց Ռուզաննա Ծատուրյանը:
19-րդ դարի վերջից ունենք վկայություններ, որոնց համաձայն, խարույկը վառում էին եկեղեցու բակում, իսկ որոշ գյուղերում այն վառվում էր գյուղի կետրոնում, որից գյուղացիները լույս էին տանում տուն: Սակայն խարույկի օգտագործումը կրակի վրայից թռչելով չի սահմանափակվել. կրակի մոխիրն օգտագործել են բացասական երևույթներից ազատվելու համար: Որոշ վայրերում մոխիրը տալիս էին ծննդկաններին և անգամ անցած տարի Հայաստանի բնակավայրերից մեկում Ռուզաննա Ծատուրյանը տեսել է, որ այդ օրը հիվանդանոցում գտնվող ծծնդկանին մոխիր են տվել ուտելու, որպեսզի կրակի զորությունը փոխանցվի նրան և նա հեշտ ծնունդ ունենա: Իսկ ինչ վերաբերում է տոնակատարությանը, ապա Ռուզաննա Ծատուրյանն ասաց, որ ինքը ևս աղանձ, գաթա, հալվա է պատրաստելու և հետաքրքիր ու ուրախ միջավայրում է անցկացնելու` դիմավորելով գարունը: Քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում. «Տրնդեզն արա, դուրս ել բակը, Սբխեջն արա, մտիր բակը»:
Արմենուհի Կարեյան












