ՀՀ վարչապետ.«21-րդ դարում հարևան պետությունների միջև փակ սահմաններն անհեթեթություն են»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ ունենալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովում նշել է, որ պահն է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրսևորեն քաղաքական կամք և գնան առաջ` վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ «Միևնույն ժամանակ պետք է համաձայնենք, որ այս փուլում իսկապես շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ կեցվածքից շատ բան է կախված, որովհետև դա ազդակ է հանրությանը` մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաև միջազգային հանրությանը, թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան։
Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվելու են, որովհետև 21-րդ դարում հարևան պետությունների միջև փակ սահմաններն անհեթեթություն են»,- ասել է ՀՀ վարչապետը։
ArmAr.am












