Եկել է Արցախի անկախության միջազգային ճանաչման իսկական ժամանակը
Սեպտեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս, գրեթե սենսացիոն հայտարարությունը Վենեսուելայի նախագահն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում: Այսպիսով, Վենեսուելան Ռուսաստանից և Նիկարագուայից հետո դարձավ երրորդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Վրաստանից անջատված այդ երկու պետությունների անկախությունը: Փորձագետների գնահատականների համաձայն, Չավեսի այդ քայլը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի նրա օրինակին հետևեն նաև լատինաամերիկյան մի շարք երկրների ղեկավարներ: Նման հույսեր ունի նաև Աբխազիայի ղեկավարությունը, որի պատվիրակներն այս օրերին գտնվում են Լատինական Ամերիկայում: Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիան գտնվում է բավական դժվար կացության մեջ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այդ փոքրիկ երկիրը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել իր անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Իհարկե, Աբխազիային և Հարավային Օսեթիային շատ դժվար կլիներ ինքնուրույն լուծել ճանաչման խնդիրը: Ընդհանրապես, ինչպես ցույց տվեց 2008 թվականի օգոսոտոսյան փորձը, երկու այդ պետություններն այդքան էլ կենսունակ չեն, քանզի նրանք չեն կարող ապահովել սեփական անվտանգությունը: Եթե չլիներ Ռուսաստանի օգնությունը, ապա դժվար թե այսօր նրանք շարունակեին իրենց ինքնուրույն գոյատևումը: Համենայն դեպս, վրացիներին արդեն հաջողվել էր գրավել Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը և այդ պետության վերջնական ջախջախումն արդեն ժամերի խնդիր էր:
Այսօր Ռուսաստանն օժանդակում է Աբխազիային և Հարավային Օսեթիային` պետական գործունեության, բացառապես, բոլոր ոլորտներում` ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն: Եթե փորձենք փաստերը կոչել իրենց անուններով, ապա պետք է ասել, որ իրականում փոքրիկ այդ պետությունների անկախությունը ֆիկցիա է, որն ուղղված է Ռուսաստանի ներկայության` Վրաստանի նախկին տարածքներում իրավական հիմնավորում տալուն: Եվ, ամենևին էլ բացառված չէ, որ միջազգային ճանաչման որոշակի գործընթաց անցնելուց հետո Աբխազիան և Հարավային Օսիան կմիանան Ռուսաստանին:
Վենեսուելայի նախագահի կողմից Աբխազիայի և Օսեթիայի ճանաչումը կարող է անկախություն ձեռք բերած պետությունների ճանաչման գործընթացի յուրատեսակ նոր կատալիզատոր դառնալ: Այն բանից հետո, երբ Արևմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, շատերի մոտ հույս արթնացավ, որ այդ գործընթացը կարող է շղթայական ռեակցիայի պես ազդել նաև Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի պետականությունների ճանաչման վրա: Սակայն այս հարցի կապակցությամբ գերտերությունների տրամադրվածություններն ավելի ուղղված էին դեպի հակամարտություն, քան համագործակցություն: Սկսելով Կոսովոյի ճանաչման գործընթացը` ԱՄՆ-ը, փաստորեն որոշակի պայմանավորվածություն էր առաջարկում Ռուսաստանին: Եվ եթե պաշտոնական Մոսկվան այդպես չընդդիմանար Կոսովոյի ճանաչմանը, ապա նա հանգիստ կարող էր հասնել նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Իհարկե, Ռուսաստանի նման դիրքորոշումը լիովին հասկանալի է: Նրանք չէին կարող այդպիսի դավաճանական քայլ թույլ տալ սերբերի հանդեպ: Սակայն, եթե օպտիմալ գնահատական տանք նախկին Հարավսլավիայի տարածքում ստեղծված իրավիճակին, ապա կփաստենք, որ այդ դավաճանությունը կատարվել էր շատ ավելի վաղ, երբ Ռուսաստանում նախագահում էր Բորիս Ելցինը: Կոսովոյի ճանաչման գործընթացի ժամանակ Ռուսաստանն այլևս ոչինչ չէր կարող անել: Իսկ այդ հարցում ԱՄՆ-ի հետ անիմաստ հակամարտության մեջ մտնելը, պարզապես, հերթական անգամ ցույց տվեց, որ երկու երկրների մեջ ԱՄՆ-ը շատ ավելի մեծ հեղինակություն ունի միջազգային հանրության աչքում: Դրա հետևանքն է, որ ԱՄՆ-ի նախագիծ հանդիսացող Կոսովոն ճանաչվել է մի քանի տասնյակ պետությունների կողմից, իսկ Ռուսաստանի նախագիծը` Աբխազիան և Օսեթիան` ընդամենը երեք պետությունների կողմից:
Պետք է նշել, որ ստեղծված իրավիճակում բավական շահեկան դիրքում է հայտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը` ինքն իր նախագիծն է: Ժամանակին, երբ Արցախը դուրս եկավ չճանաչված պետությունների դաշինքից (СНГ-2) շատերը դա ընկալեցին որպես մեծ սխալ: Մի շարք քաղաքագետներ պնդում էին, որ այդ պարագայում Ռուսաստանը չի օժանդակի Արցախի միջազգային ճանաչմանը: Նման տագնապներն ամրապնդվում էին նաև նրանով, որ Արցախի իշխանությունների այդ քայլի պատճառով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունն իսպառ անհայտացավ ռուսաստանցի չինովնիկների բառապաշարից: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, արցախցիների այդ քայլն ավելի քան ճիշտ էր հաշվարկված: Դրա արդյունքում այսօր Արցախը հանդես է գալիս արդեն իբրև ինքնուրույն պետականությունը, որը ոչ մի կերպ չի շահարկվում գերտերությունների առևտրում: Եվ այս հանգամանքը պետք է անպայման օգտագործել:
Քաղաքական առումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կանգնած է ճիշտ այն խնդիրների առջև, ինչ որ Աբխազիան և Օսեթիան: Բոլորն էլ ունեն անվտանգության ապահովման և միջազգային ճանաչման հիմնահարց: Ինչպես արդեն նշվեց, երկու հարցերում էլ ԼՂՀ-ն ունի առավելություններ իր գործընկերների նկատմամբ: Նախ, Արցախն իզորու է ինքնուրույն պաշտպանելու իր պետականության անվտանգությունը, և երկրորդ` արցախցիներն ինքնուրույն են որոշում արտաքին քաղաքական գերակայությունները: Սակայն, եթե շարունակենք համեմատականների անցկացումը Հարավային Օսիայի, Աբխազիայի և Արցախի Հանրապետության միջև, ապա կտեսնենք, որ չնայած քաղաքականապես շահեկան դիրքերին, Արցախի արտաքին քաղաքականությունն ամենից պասիվն է: Ավելին` այսօր գործնականում ոչ մի քայլ չի կատարվում ԼՂՀ անկախության ճանաչման համար: Այնինչ, փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է գտնել Նիկարագուայի կամ Վենեսուելայի պես պետություններ, որոնք կարող են ճանաչել մեր նորաստեղծ պետականությունը:
Արցախի ճանաչման հարցը նախ և առաջ պետք է բարձրացնել ՄԱԿ-ում: Այնուհետև, հայկական երկու պետությունների ղեկավարները կարող են այդ ուղղությամբ բանակցել դաշնակից և բարեկամ երկրների առաջնորդների հետ` վստահ լինելով, որ այդ խնդիրն անպայման լուծում կստանա: Եթե ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն այսօր չսկսվի, ապա հետագայում, երբ Աբխազիան ու Օսեթիան այդ ոլորտում հասնեն իրական հաջողությունների, Արցախի հարցը կարող է պարզապես դուրս մնալ միջազգային հանրության կողմից ինքնահռչակված պետւթյունների ճանաչման գործընթացից: Դրա վտանգն իսկապես մեծ է և շատ արդիական: Այդ իսկ պատճառով Արցախի պետականության ճանաչումն այսօր պետք է դառնա ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային գերխնդիրը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ԼՂՀ,, Աբխազիա, Ռուսաստան, Վրաստան, Վենեսուելա
Թեգեր` Հարավային Օսիա, Ուգո Չավես, Ռուսաստան












