ՀՀ վարչապետ. Ստվերը կրճատվել է շնորհիվ հսկիչ դրամարկղային մեքենաների
Շաբաթ օրը տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստը: Վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով: Վարչապետը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել 2009 թվականին կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները: Նա մասնավորապես նշել է. «Անցած տարվա վերջին ամիսների ընթացքում արդեն նկատվեցին տնտեսական աճի վերականգնման միտումներ: Մենք 18,4 տոկոս տնտեսական անկումից ամիս առ ամիս, կամաց-կամաց սկսեցինք վերականգնվել եւ տարին ավարտեցինք 14,4 տոկոս տնտեսական անկումով, եւ hամախառն ներքին արդյունքը կազմեց 3 տրիլիոն 165 մլրդ դրամ: Արդյունաբերությունն ընդհանուր առմամբ ունեցավ 7,8 տոկոս անկում, ընդ որում, հետաքրքրական է, որ լեռնահումքային արդյունաբերությունը տարին ավարտեց 7,6 տոկոս աճով: 14,4 տոկոս անկման մեջ ավելին քան 11,2 տոկոսը պայմանավորված էր շինարարության ոլորտում աշխատանքների կանգով: Քանի որ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 30 տոկոս, ապա հասկանալի է, որ շինարարությունում 25 տոկոսանոց անկումն իր բացասական ազդեցությունն է թողել մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների վրա: Միեւնույն ժամանակ աճ ենք ունեցել մետալուրգիայում, մասնավորապես ալյումինի արտադրության մեջ տարին ավարտել ենք 20 տոկոս աճով»:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրվել է 17 տոկոսանոց աճ, որը պայմանավորված էր թե՜ երրորդ օպերատորի մուտքով, թե՜ ոլորտում 12 տոկոսով ձեռնարկությունների քանակի ավելացմամբ: Վարչապետը նշել է. «2009 թվականի առանձնահատկությունն այն է, որ տարվա ընթացքում ունենալով 14,4 տոկոս անկում` ունեցել ենք մանրածախ առեւտրաշրջանառության 1 տոկոսանոց աճ եւ 1,3 տոկոսանոց աճ` ծառայությունների բնագավառում: Մի քանի գործոն են ազդել մանրածախ առեւտրաշրջանառության աճի վրա: Առաջինը` իրականում կրճատվել է ստվերը: Ստվերի կրճատումը պայմանավորված է եղել նրանով, որ մենք սկսել ենք մեծ ծավալով կիրառել հսկիչ դրամարկղային մեքենաներ, եւ քաղաքացիներն ավելի պահանջկոտ են եղել, որպեսզի իրենց տրամադրվեն ՀԴՄ կտրոնները: Արդյունքում վիճակագրությունը կարողացել է արձանագրել ավելի մեծ ծավալի շրջանառություն: Երկրորդ բացատրությունն այն է, որ տարվա ընթացքում էապես ավելացել են պետության կողմից իրականացվող ծախսերը, մասնավորապես 16 տոկոսով մենք ավելացրել ենք թոշակները, 12 տոկոսով ավելացրել ենք սոցիալական նպաստները, ավելացրել ենք երեխաների համար տրվող նպաստները, ընդ որում, շեշտակիորեն ենք ավելացրել` 3000 -ից հասցնելով 18000, 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար միանվագ վճարները 300,000 դրամից հասցրել ենք 430,000 դրամի եւ տարին ավարտել ենք` ունենալով 3000 ավելի ծնունդ` 2008 թվականի հետ համեմատած: Ծննդաբերության աճի վրա նաեւ դրական ազդեցություն է թողել ծննդօգնության բարեփոխումը: Պետության ֆինանսավորմամբ 2009 թվականի ընթացքում էապես եւ շեշտակիորեն` շուրջ 3 անգամ բարձրացել է ծննդօգնության որակը: USAID-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ոլորտում կոռուպցիան 80 տոկոսից նվազել է մինչեւ 20 տոկոս՚:
Անդրադառնալով 2010 թվականին պետական բյուջեով նախատեսվող ծրագրերին` վարչապետը կանխատեսել է 1,2 տոկոս տնտեսական աճ: Համեմատելով հունվար ամսվա ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի հետ, Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հավաքվել է շուրջ 5 մլրդ դրամ ավելի հարկ, եւ դրանով հունվար ամսվա ծրագիրը գերակատարվել է 2 մլրդ դրամի չափով: Աշխատանքի նույն տեմպը պահպանվում է փետրվար ամսվա ընթացքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2009 թվականի հակաճգնաժամային մեծածավալ աշխատանքների ազդեցությունը ավելի շատ կզգացվի 2010 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների ընթացքում: Վարչապետը տեղեկացրել է, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մշակված միջնաժամկետ ծրագրի, ենթադրվում է, որ տարեցտարի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մեջ պետք է նվազի:
Նիստի օրակարգի շրջանակներում ներկայացվել են Կրթության եւ գիտության մրցունակության կենտրոնի ծրագրի իրագործելիության ուսումնասիրության արդյունք¬ները, զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության եւ Ազգային մրցունակության հիմնադրամի միավորման գործընթացը, զբոսաշրջության խթանման ծրագիրը: Անդրադարձ է արվել նաեւ Ազգային մրցունակության հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությանը:
Քննարկման առարկա են դարձել Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կատարված ուսումնա¬սի¬րութ¬յունը` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման մասին, ինչպես նաեւ կառավարության կողմից ցիկլոտրոնի ձեռքբերման որոշումը:
Նիստին ներկա էին ՄքՔինզի ընկերության Գերմանիայի գրասենյակի խորհրդատու Ռեյնհարդ Վիհելսը եւ ռուսաստանյան ՙՄեդիակրատ՚ ընկերության ներկայացուցիչ Արման Ջիլավյանը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի եռամյա գործունեության ծրագրավորման, ընթացիկ տարվա բյուջեի եւ ակնկալվող արդյունքների հարցերին:
Ավելի ուշ հիմնադրամի նիստն իր ներկայությամբ պատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:












