Յոհաննես Լեփսիուս. Սողոմոն Թեհլիրյանի ամենամեծ վկան
Թեհլիրյանը Լեփսիուսին տեսել է 1921թ. հունիսին Բեռլինում` իր դատավարության ժամանակ վկայություն տալիս: Լեփսիուսի խոսքը մեծապես ազդեց դատարանի վրա. Սողոմոն Թեհլիրյանը ազատ արձակվեց:
Յոհաննես Լեփսիուսը բողոքական քահանա էր, փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր:
1895թ. Ֆրիզդորֆում ստեղծվում է «Գերմանա-հայկական առաքելությունը», որի նպատակն էր լուսավորություն տարածել Օսմանյան Թուրքիայի ժողովուրդների մեջ, քարոզել ավետարանական ճշմարտություն, օգնություն ցույց տալ հայությանը: Իսկ այդ ժամանակ Արևմտյան Հայաստանում արդեն կոտորածներ էին:1896թ. Լեփսիուսը մեկնում է Հայաստան, ուսումնասիրում իրավիճակը, ականատես լինում այն անլուր սարսափներին, որոնց ենթարկվում է հայ ժողովուրդը, հայությանը օգնելու ուղիներ որոնում:
Գերմանիա վերադառնալով` Լեփսիուսը տագնապի փող է հնչեցնում, ներկայացնում հայության աղետալի վիճակը Թուրքիայում: Նա նախ հրապարակում է հոդվածներ` «Ճշմարտություն Հայաստանի մասին» խորագրով, ապա և` «Հայաստանն ու Եվրոպան» աշխատությունը: Սա իր տեսակի և ժամանակի մեջ բացառիկ աշխատություն էր, ուր պաշտոնական փաստաթղթերով, ականատեսների վկայությամբ ի ցույց էր դրվում Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը 19-րդ դարի վերջում: Աշխատությունը մեծ հուզում առաջացրեց Եվրոպայի հումանիստների շրջանում:
Այդ ժամանակից ի վեր Լեփսիուսը անբաժան է հայությունից:
Սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Սրան Հաջորդեց Հայոց Մեծ Եղեռնը:
Լեփսիուսը հրատարակում է ցեղասպանությունը վկայող փաստաթղթերի ժողովածու, ականատեսների հիշողություններ (ժողովածուն հետագայում լույս տեսավ «Հայ ժողովրդի մահվան օրհասը» վերնագրով): Ի վերջո, այդ ամենն ամփոփվում է «Գերմանիան և Հայաստանը. 1914-1918» ստվարածավալ աշխատության մեջ, ուր կա ավելի քան 500 փաստաթուղթ: Այս աշխատությունը Հայոց ցեղասպանությունը փաստող անվիճելի վկայումներից մեկն է. այստեղ ամփոփված են պաշտոնական փաստաթղթեր, դիվանագիտական զեկույցներ, ականատեսների վկայություններ, նամակներ…
Մեջբերենք ընդամենը մեկ հատված Լեփսիուսի ելույթից, որ նա ունեցավ Թեհլիրյանի դատավարության ժամանակ.
«Համընդհանուր տեղահանության որոշումը կայացրել էր երիտթուրքական կոմիտեն, այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան (ռազմական նախարար Էնվերի հետ համատեղ): Հայերի բռնագաղթն իրականացվեց երիտթուրքերի հատուկ կազմակերպությունների միջոցով…
Անատոլիայի ողջ հայ բնակչությունը, ի վերուստ ստացած հրամանի համաձայն, աքսորվեց Միջագետքի անապատի հյուսիսային և հարավային շրջաններ` Դեր Զոր, Ռաքքա, Մեսիենե, Ռաս ուլ Այն, ընդհուպ մինչև Մոսուլ: Տեղահանվեցին մոտավորապես 1.400.000 հայեր:
Ինչ էր նշանակում այդ տեղահանումը:
Թալեաթ փաշայի ստորագրած հրամանում կան այսպիսի բառեր. «ՏԵՂԱՀԱՆՈՒՄԸ ԲՆԱՋՆՋՈՒՄ Է»…
…Պաշտոնապես հայտարարվում էր, թե այդ տեղահանումները լոկ նախազգուշական միջոցառումներ են, բայց առանձին հեղինակավոր անձինք միանգամայն բացեիբաց խոստովանում էին, որ աքսորի նպատակը հայ ազգի բնաջնջումն է:
Հարց է առաջանում, թե ինչպես հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել մեկ միլիոն մարդ: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել է Թալեաթ փաշային ու նրա զինակիցներին…»:
Սա է եղել իրականությունը` որը փաստել է ժամանակի մեծագույն հումանիստներից մեկը` Յոհաննես Լեփսիուսը: Նա վախճանվեց 1926 թվականի փետրվարին իտալական Մերանո քաղաքում: Ուշագրավ մի փաստ. Լեփսիուսի մահից հետո նրա կինը` Ալիսան, հայտնվեց ծանր կացության մեջ. մնաց առանց դրամական միջոցների և ծանր հիվանդացավ: Նրան օգնության հասան հայերը. Այդ պահից մինչ տիկին Լեփսիուսի մահը` 1969 թվականը երախտապարտ հայությունը հանգանակությամբ փող էր հասցնում Ալիսա Լեփսիուսին. Կյանքը հատուցվում էր կյանքով…
Հակոբ Սողոմոնյան












