Հայ-թուրքական կարգավորման գործընթացը` Քլինթոն-Էրդողան հանդիպման օրակարգում
Նախօրեին Կատարում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ թուրքական «Sabah»-ի`կողմերի քննարկման օրակարգում եղել են Իրանի ուրանի հարստացման ծրագրին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին, կիպրական խնդրին, Մերձավոր Արևելքին, ահաբեկչության դեմ պայքարին, երկկողմ տնտեսական կապերին և Իրաքին առնչվող բազմաթիվ հարցեր:
«Four Seasons» հյուրանոցում կայացած հանդիպումը, նախապես ծրագրված 20 րոպեի փոխարեն, տևել է 1 ժամ: Կողմերն իրենց հանդիպումն արդյունավետ են համարել:
Էրդողանը Քլինթոնին հայտնել է, որ արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը բարդություն է ստեղծում կարգավորման գործընթացի համար:
Էրդողանն ընդգծել է, թե Անկարան իրենից պահանջված քայլերն արել է` հավելելով. «»Հայաստանի հարցը մենք դիտում ենք որպես Կովկասում համընդգրկուն կարգավորման գործընթացի մի մաս: Կարևոր դերակատարություն ստանձնած Մինսկի խումբն էլ լուծման հասնելու համար պետք է իր ջանքերն ավելացնի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը մեկնել էր Կատար` այդ երկրի վարչապետ շեյխ Համադ բեն Յասսեմ ալ Թանիի հրավերով: Փետրվարի 13-ին Կատար մեկնած Էրդողանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նախարարներ, պատգամավորներ և գործարարներ:
Նկատենք, որ Քլինթոն-Էրդողան այցը լուսաբանող թուրքական ԶԼՄ-ներն առայժ լռում են այն մասին, թե ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղարը հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ:
ArmAr.am












