Թուրքիան հերթական անգամ փորձում է խանգարել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը
Թուրքիան հերթական անգամ փորձում է խանգարել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը։
Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնում է գտնվում Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆիրուդին Սինիրդիօղլուն։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, փետրվարի 15-16-ը Սինիրդիօղլուն նախատեսվում է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի և ԱՄՆ պետքարտուղարի 1-ին տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկել ինչպես հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին առնվող մի շարք հարցեր։ Թե ինչ ակնկալիքներ ունեն թուրքերն այս հանդիպումներից, պարզ է, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ կստանան նրանք դրանից։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևի քննարկմանը, ArmAr.am էլեկտրոնային թերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ քննարկման բարենպաստ ելքին կնպաստի կոնգրեսականների հետ Հայ Դատի գրասենյակների և հայ համայնքի ակտիվ աշխատանքը, որին, բնականաբար, հակադրվելու է թուրքական լոբբիստական գործունեությունը։ «Սա փաստորեն քաղաքական մրցակցություն է, որում մենք, հուսով եմ` հաղթելու ենք»,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը։
ArmAr.am












