Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ժամանել է Պյատիգորսկ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի
դաշնային օկրուգի վարչական կենտրոն Պյատիգորսկ քաղաք:
Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների ղեկավարների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած հոգեւոր արարողությանը` նվիրված Տյառն ընդառաջի տոնին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին Պյատիգորսկ քաղաքում հանդիպում է ունեցել Հարավային Ռուսաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ կապերի խորացումը կարեւոր է ինչպես հայոց անկախ պետականության ամրապնդման, այնպես էլ Սփյուռքի համախմբման եւ հայրենապահպանության համար:
Այս համատեքստում Նախագահը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի` հատկապես Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների հետ համագործակցության ընդլայնումը` այն համարելով հեռանկարային եւ խոստումնալից:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












