Թուրք վերլուծաբան. «ԱՄՆ Կոնգրեսում թուրքերի համար աննախադեպ լուրջ իրավիճակ է սկսվել»
Թուրքական «Sabah» թերթը հրապարակել է թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարի «ԱՄՆ-ի հետ առաջիկա քննությունները» հոդվածը, որտեղ քննարկվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի տեսանկյունից:
Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը շատ շուտով լուրջ խնդիրներ է ունենալու Միացյալ Նահանգների հետ:
«Դրանցից մեկը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի արշավն է, մյուսը ԱՄՆ-ի ցանկությունն է` Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) օրակարգ»,- թվարկում է Թաշփնարը: Նա հիշեցնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձևեր ընդունել էր 2000, 2005 և 2007 թվականներին։ Թեև այդ բանաձևերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, բայց այդպես էլ քվեարկության չէին դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, քանի որ Սպիտակ տունն ընդդիմացել էր դրանց: Իսկ ահա այժմ, ըստ թուրք փորձագետի, իրավիճակն այլ է, անհամեմատ ավելի լուրջ: ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի համար ստեղծված աննախադեպ լուրջ իրավիճակը թուրք վերլուծաբանը պատճառաբանում է հետևյալ կերպ:
- Բարաք Օբաման 1915թ. իրադարձությունները որակել է ցեղասպանություն: Նա թուրքական մեջլիսում էլ հայտարարել է, որ չի փոխել իր դիրքորոշումն այդ հարցում, բայց և 2009-ի ապրիլի 24-ին չօգտագործեց ցեղասպանություն եզրաբառը: Նա այդպես վարվեց, որովհետև Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացին ժամանկ տալու խնդիր կար:
2. Օբամայի կամեցած կարգավորման այդ գործըթնացը, ըստ էության, չի կենսագործվել: Ինչո°ւ: Քանի որ Թուրքիան արձանագրություններում չեղած նախապայման առաջ քաշեց` ղարաբաղյան հիմնախնդիր: Հենց այդ պատճառով է արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Թուրքիայի այդ քաղաքականությունն ընկալվում է հետևյալ կերպ. Անկարան հարաբերությունների կարգավորման ցանկություն չունի:
3. Միացյալ Նահանգների ներքին քաղաքականություն.
Հոկտեմբերին Ամերիկայում միջանկյալ ընտրություններ են լինելու: Տնտեսական ճգնաժամի և գործազրկության պատճառով դեմոկրատները հայտնվել են շատ ծանր կացությունում: Նրանց համար կարևոր է դարձել ամեն մի քվեն: Ամերիկահայ սփյուռքի հզոր ամրոցներից մեկում` Մասաչուսեթսում, պարտություն կրած դեմոկրատները հայ ընտրողների սիրտը շահելու համար փորձելու են ավելի մեծ ջանք թափել:
4. Թուրքայի համար ամենածանրը չորրորդ պատճառն է: Հրեական լոբբին խիստ զայրացած է Էրդողանի գլխավորած Թուրքիայի իշխանական կուսակցության վրա: Այս տարի հրեական լոբբին Կոնգրեսում Թուրքիայի համար, թերևս, մատը մատին չի տա: Դեռ նույնիսկ կարող է հակաթուրքական գործողություների դիմել:
Ամփոփելով իր դիտարկումները` թուրք փորձագետը Անկարային նախազգուշացնում է, որ եթե Գյուլի վարչակազմը շարունակի կարևոր քայլեր չկատարել արձանագրությունների վավերացման հարցում, ապա առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ ճգնաժամն ուղղակի անխուսափելի կլինի:
ArmAr.am












