Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Սամվել Կարապետյան. «Մենք ենք թույլ տալիս, որ 18-րդ դարում կառուցված եկեղեցում շուն պահեն»

Փետրվար 15, 2010թ. 16:15

«Ես հիմքեր չունեմ հավատալու վրացական իշխանությունների այն խոստմանը, թե Վրաստանում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին կվերականգնվի,- ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի  տնօրեն, հուշարձանագետ Սավել Կարապետյանը: -Դրանք հերթական սուտ խոստումներ են, քանի որ Սուրբ Գևորգից առաջ էլ նման խոստում էր տրվել Հավլաբարում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր ավետարան եղեկեցու մասին»:

Նա վստահ է, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը վրացական պետության կողմից շարունակաբար հովանավորված` հայկական մշակութային կոթողների քայքայման ու անխնամ վիճակում մնալու արդյունք է:

Նրա խոսքերով, Սուրբ Գևորգի դեպքում վերականգման հույսերը շատ քիչ են, քանի որ այն աղյուսաշեն է. «Աղյուսաշեն կառույցները, եթե ճաքեր են ունենում, ապա պետք է ամրակայվեն, քանի դեռ կանգուն են: Եթե չեն ամրակայվում, ուրեմն դա անտարբերության հետևանք է, և եկեղեցին պետք է փլուզվի: Ի տարբերուիթյուն քարաշեն կառույցի, որը քար քարի վրա դնելով, հնարավոր է ինչ-որ կերպ վերականգնել, աղյուսաշեն կառույցը պարզապես վերածվում է քարակույտի:

Նույնիսկ եթե այսօր եղած վիճակով պատերն ամրակայեն, ես էլի ուրախ կլինեմ», -ասում է Սամվել Կարապետյանը, բայց միաժամանակ գիտե. «Նման խոսոտումների հերթ է գոյացել, և ես հիմքեր ունեմ չհավատալու այդ հերթական խոստմանը»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է եկեղեցիների վերականգնողական աշխտանքներին Թուրքիայում, ապա, նրա կարծիքով, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը պարզապես թատրոն էր` աշխարհի համար բեմադրված: Քանի որ հենց այդ նույն ժամանակ Սուրբ խաչից քիչ հեռու գտնվող Իլի գյուղի գմբեթավոր եկեղեցին, որ հասակակից էր Սուրբ Խաչին (10-րդ դարում կառուցված) հինահատակ ավերվել է:

Իսկ այսօր թուրքերն Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին, որը հայ-քաղկեդոնականների կողմից է կառուցվել 1212-ին, վերականգնում են վրացի ճարտարապետների հետ միասին, քանի որ, կրոնական նույնությունը շահարկելով, վրացիները համարում են վրացական:

Եթե Սուրբ Գևորգի դեպքում կարելի է ասել, թե վրացիներն են մեղավոր, նույն Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան եկեղեցու վատ վիճակի համար, Սամվել Կարապետյանի կարծիքով, մեղավոր ենք նաև մենք. 100 հազարանոց հայ համայնքի առկայության դեպքում Սուրբ Նշանը վերածվել է հասարակական զուգարանի, իսկ վերջերս սկսել են նաև տեղի բնակիչները այնտեղ շուն պահել:

«Եթե հիմա վրացիները գան ու սկսեն մաքրել, կարգի բերել ու վրացացնել, պիտի սկսենք հոխորտալ, թե էս ինչ եք անում: Այնտեղ մերձակա տներում նաև հայեր կան ապրող: Մենք ենք թույլ տալիս, որ 18-րդ դարում կառուցված եկեղեցում շուն պահեն»:

Սամվել Կարապետյանն անդրադրձավ նաև Հայաստանի եկեղեցիներին, որոնք վատ վիճակում են գտնվում: նա հատկապես նշեց Դսեղ գյուղի Բարձրաքաշի վանքը, որը երեք եկեղեցիներից բաղկացած համալիր է, և եկեղեցիների փլվելուց հետո մնացել են միայն պատերը, «որոնցից յուրաքանչյուրը Պիզայի մի թեք աշտարակ է: Վատ վիճակում են գտնվում նաև Դսեղի մոտ գտնվող Քառասնից մանկանց վանքը, Խոսրովի արգելոցի Աղջոս և Հաբուսթար վանքերը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն