Բաքուն արդարությա՞ն, թե՞ թմրամոլության դիրքերից
Բաքուն կոչ է անում Էստոնիայի կառավարությանը վերջ տալ քրեական պատասխանատվության ենթարկված ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող անարդարությանը ։ Անարդարությունն էլ, պարզվում է, իրականացվում է թմրանյութերի առավել խոշոր չափերի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանքով ազատազրկված ադրբեջանցիների նկատմամբ։
Խոսքը 2005թ. տեղի ունեցած, հասարակական շատ մեծ հնչեղություն ունեցող քրեական մի գործի մասին է, որտեղ ադրբեջանցի գործարարները, կամ ավելի ճիշտ՝ առավել խոշոր չափերի թմրանյութի առևտրով զբաղվող հանցագործները, 126 կգ թմրանյութ են Հոլանդիայից տեղափոխել Էստոնիա, սակայն Էստոնիայի իրավապահների կողմից բացահայտվել են ու ձերբակալվել։ Դատական այդ գործը դեռևս ընթացքի մեջ է։ Մոտ օրերս կհրապարակվի դատավճիռը։ Ենթադրվում է, թե ինչ դատավճիռ է սպասվում հանցագործներին։ Սակայն…ադրբեջանցիներն իրենց սովոր ոճով ու ձեռագրով մեծ գրոհ են կազմակերպել Էստոնիայի կառավարության ու իրավապահների դեմ։ Հերթական անգամ նամակներ են գրվում միջազգային տարբեր կազմակերպություններ՝ փորձելով ապացուցել, որ իրենց հայրենակիցներն անմեղ են։ Այսինքն, եթե այդ նամակներում բերված «փաստերն» ընդունվեն որպես հիմք, պետք է ենթադրել, որ էստոնացի իրավապահները պարզապես կույր են, և 126կգ թմրանյութն ուղղակի նրանց աչքին է երևացել։ Կամ էլ թմրանյութն իրապես եղել է, բայց ադրբեջանցիներն ադրբեջանցի չեն եղել։ Բացի այս, նամակագիրները բազմաթիվ «փաստեր» են բերում այն մասին, որ էստոնական բանտում՝ կապված ազգային պատկանելության հետ, խախտվում են ադրբեջանցի բանտարկյալների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Թե ինչպե՞ս են այդ խախտված իրավունքներով ադրբեջանցիներն այդ խախտումների մասին տեղեկացրել ադրբեջանցի եղբայրներին, մնում է միայն գուշակել, որովհետև Ադրբեջանի բանտերում գտնվող այլազգիների մասին որևէ լուր անհնար է, որ այդ պատերից դուրս սպրդի, քանի որ, «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող սողոսկել այնտեղ, ուր մնաց թե՝ մի լուր հաղորդի։ Իսկ այ, էստոնիայի բանտում խախտված իրավունքներով ադրբեջանցիները կարողանում են նույնիսկ հարայ հասցնել հայրենակիցներին, թե` հասե՛ք, փրկեք։
Նշենք, որ հանցագործների իրավունքների պաշտպանության համար Էստոնիայի կառավարությանն ու միջազգային բազմաթիվ կառույցներ դիմած նամակի ներքո ստորագրել են 326 «արդարության ծարավ» ադրբեջանցիներ։ Սրանք ուզում են աշխարհին համոզել, որ 126 կգ թմրանյութը պատահաբար է հայտնվել իրենց հայրենակիցների մոտ և պահանջում են արդար վճիռ։
Իհարկե, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թմրանյութերի վաճառքն ու օգտագործումը Ադրբեջանում չեն դիտարկվում որպես հանցանք, այլ կազմում են նրանց առօրյա կենցաղի մի մասը, ադրբեջանցիների «վրդովմունքը» հասկանալի է ։
ArmAr.am












