Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Դրական տեղեկատվական հոսքերի հնարավոր վտանգները Հայաստանի տեղեկատվական դաշտի համար

Սեպտեմբեր 15, 2009թ. 11:12

Թիրախային խմբում  ճգնաժամային իրավիճակի ստեղծումը տեղեկատվա-հոգեբանական ազդեցության արդյունավետ մեթոդներից է: Այն իրականացվում է անելանելի իրավիճակի մասին բացասական միֆերի և, ընդհանրապես, բացասական տեղեկատվության տարածման միջոցով: Ճգնաժամի հիմքը կարող է լինել ոչ միայն իրական, այլև վիրտուալ (միայն ԶԼՄ դաշտում գոյություն ունեցող), որը բարդ տեղեկատվական պրոցես է, քանի որ անհրաժեշտ է համոզել մի բանում, որը գոյություն չունի: Նման տեղեկատվական քաղաքականության ժամանակ մարդկանց փորձում են վստահեցնել, որ նրանց կյանքը վտանգի մեջ է, որ նրանք ապրում են անտանելի պայմաններում, և զուգահեռ` գովերգում են կյանքն արտասահմանում: Նման ԶԼՄ (զանգվածային լրատվության միջոց) քաղաքականությունը բերում է նրան, որ հանրության ընտրված թիրախային խումբը հայտնվում է գերլարված վիճակում` պատրաստ զանգվածային բողոքների և նմանատիպ գործողությունների:

Այս տեխնոլոգիան կիրառելով` ՀՀ ընդդիմադիր լրատվամիջոցները տարիներ շարունակ հանրության ուշադրությունը կենտրոնացնում են միայն բացասական տեղեկատվության վրա և ամեն ընտրությունից առաջ իրենց լսարանին հրամցնում են են «փրկության ելքը», ինչը բնականաբար բերում է զանգվածային բողոքների: Այդ ընթացքում միջազգային տարբեր կառույցներ հանդես են գալիս իրենց շահերից բխող առաջարկություններով ու հայտարարություններով: Այս մեթոդի հաջողությանն աջակցում են կոռուպցիայի, գործազրկության, հանցագործությունների բարձր մակարդակը և այլ նմանատիպ օբյեկտիվ, նաև` ոչ օբյեկտիվ գործոններ: Զանգվածների մանիպուլյացիայի նման տեխնոլոգիան  կարևոր դեր խաղաց ՀՀ ընդդիմության` 2003 և 2008 թվականների զանգվածային բողոքների նախապատրաստման ընթացքում:

ԶԼՄ-ներով ներկայացված ճգնաժամները կարող են լինել իրական և մտացածին: Սակայն կա ԶԼՄ քաղաքականության մեկ այլ տեսակ, որը հիմնականում իրականացնում են իշխանամետ լրատվամիջոցները` դա իրական ճգնաժամը թաքցնելու քաղաքականությունն է, որը ոչ պակաս վտանգավոր է քան արհեստական ճգնաժամի ստեղծումը:

Ինչպես վերը նշվեց, բացասական տեղեկատվության մշտական հոսքը լսարանի մոտ առաջացնում է լարվածություն և բողոք, որոնց արդյունավետ օգտագործմամբ կարելի է հաջողության հասնել քաղաքական դաշտում (crisis management): Իսկ ինչի՞ կարելի է հասնել դրական տեղեկատվության մշտական հոսքով:

ԽՍՀՄ փլուզմանը նախորդած տարիներին Գորբաչովը սկսեց վերակառուցման քաղաքականությունը, որին  անմիջապես աջակցեց խորհրդային քարոզչական մեքենան` դրական տեղեկատվության հոսքով: Վերակառուցմանը զուգընթաց աստիճանաբար խորանում էր տնտեսական ճգնաժամը, խախտվում էին  Խորհրդային Միության գաղափարական, իրավական հիմքերը, սակայն ԶԼՄ-ներըը շարունակում էին միայն դրական տեղեկատվություն հաղորդել վերակառուցման արդյունքների վերաբերյալ: ԶԼՄ-ի նման քաղաքականության հետևանքն եղավ այն, որ բթացավ հանրության զգոնությունը և չհանգեցրեց զանվածային ընդվզման ԽՍՀՄ-ը կործանող վերակառուցման քաղաքականության դեմ, նույնիսկ հակառակը` լայն զանգվածները ոգևորությամբ աջակցեցին վերակառուցմանը (իրենց պետության կործանմանը):

2008 թվականից ՀՀ երրորդ նախագահը սկսեց արտաքին քաղաքականության նոր ուղի, որի դեմ աստիճանաբար ավելի շատ մարդիկ և կազմակերպություններ են հանդես գալիս: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների հիմնական մասն աջակցում է իշխանական քաղաքականությանը` դրական տեղեկատվությամբ ապահովելով իշխանությունների յուրաքանչյուր քայլ, բնականաբար, հանրությանը չհասցնելով նման քաղաքականության բացասական հետևանքների մասին մասնագետների զգուշացումները:

ՀՀ երրորդ նախագահի նոր արտաքին քաղաքականությունն ամբողջովին վերափոխեց ներքին քաղաքական դաշտը` արմատական ընդդիմությունն աջակցեց նախագահին, իշխանամետ որոշ կուսակցություններ մեղադրեցին նախագահին և դարձան ընդդիմություն, քննադատությամբ հանդես եկան որոշ քաղաքագետներ և վերլուծական կենտրոններ, սփյուռքը նույնպես` հիմնականում հանդես եկավ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության դեմ: Օգոստոսի 31-ի` հայ-թուրքական արձանագրության ստորագրումից հետո ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբին շփոթվածության մեջ հայտնվեց` չիմանալով, թե ում շահերը պաշտպանի՝ հայկական պետությա՞ն, թե՞ հայ համայնքի, պայքարի՞ Թուրքիայի դեմ, թե՞ համագործակցի… Հայկական սփյուռքի վերաբերմունքը հայ-թուրքական հակամարտության (մենք չենք գործածում հարաբերություն բառը, քանի որ չկան հայ-թուրքական հարաբերություններ, կա հայ-թուրքական հկամարտություն) նոր փուլին արտահայտվեց ինչպես Ամերիկայի հայկական համագումարի, այնպես էլ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի՝ ԱՄՆ-ում գործող հայկական երկու խոշորագույն կազմակերպությունների բացասական արձագանքով: Բացասական արձագանքեցին նաև ՀԲԸՄ-ը (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) ու Եվրոպայի հայերի միությունը:

Բնականաբար, այս քննադաությունները շատ թույլ արձագանք գտան հայկական տեղեկատվական դաշտում, և բացարձակապես չլուսաբանվեցին Հայաստանի բնակչության համար հիմնական տեղեկատվական աղբյուր հանդիսացող հեռուստատեսության կողմից:

Իսկ ովքե՞ր կողմ արտահայտվեցին և դրական տեղեկատվական հոսքերով ապահովեցին Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները (խոսքը վերաբերում է հայկական ուժերին):

  1. Իշխանամետ որոշ կուսակցություններ
  2. Իշխանամետ որոշ քաղաքագետներ
  3. ՀՀՇ-ական ընդդիմությունը
  4. ԶԼՄ գրեթե ողջ ցանցը (հեռուստատեսությունը ամբողջությամբ, որը լայն զանգվածների հիմնական տեղեկատվության աղբյուրն է):

Մենք հակված չենք կարծելու, որ նախագահի քաղաքականությունը տանում է Հայաստանի կործանմանը, սակայն ԶԼՄ-ների միայն դրական տեղեկատվության հաղորդումը նման լուրջ հարցերում` վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե արտաքին քաղաքականության հարցում սփյուռքի և անկախ փորձագետների զգուշացումներն ու քննադատություններն արդարացվեն: Այդ դեպքում հանրության ճնշող մեծամասնությունը պատրաստ չի լինի դեպքերի նման զարգացմանը և այլևս չի կարող կանգնեցնել իրադարձությունների կործանարար ընթացքը:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`