Բացվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոց
Փետրվարի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դպրոցի հիմնադրումը ԱԳՆ կարեւոր խնդիրներից մեկն էր հռչակել:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին` դպրոցի ստեղծման գաղափարին սատարելու եւ բացման արարողությանը մասնակցելու համար` նշելով, որ ունկնդիրների համար ոգեւորիչ եւ պարտավորեցնող պետք է լինի Հանրապետության նախագահի ներկայությունը կրթօջախի բացմանը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալանքի խոսքեր է ուղղել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քատուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին՝ դպրոցին ցուցաբերած աջակցության եւ այսօր իրենց կողմից ստացված ջերմ շնորհավորական ուղերձների համար, ինչպես նաեւ նշված միջազգային գործընկերների երեւանյան ներկայացուցչությունների ղեկավարներին՝ դեսպաններ Լյուցեմբերգերին եւ Կապինոսին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակին՝ ի դեմս Դաֆինա Գերչեւայի, ու Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմի:
Նշենք, որ դպրոցում հրավիրված են դասավանդելու Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Չինաստանի հեղինակավոր կրթական եւ քաղաքագիտական կենտրոնների առաջատար դասախոսներ եւ վերլուծաբաններ, ականավոր դիվանագետներ եւ փորձագետներ:
Դիվանագիտական դպրոցի 25 ունկնդիրներն ընտրվել են մոտ 190 դիմորդների շարքից՝ գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում:
Դասընթացի ավարտին առավել առաջադիմություն ցույց տված ունկնդիրները կհամալրեն Հայաստանի դիվանագիտական ծառայությունը` աշխատանքի անցնելով ԱԳՆ համակարգում:
ArmAr.am












