Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ. «Հայկական նախաձեռնությունը սերտորեն առնչվում է մեզ»
Թուրքիա ծրագրված իր այցի նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդարձակ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, որտեղ անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ու երկու երկրների միջև սահմանի բացման խնդրին:
Մասնավորապես, հակադարձելով լրագրողի այն դիտարկմանը, թե հայկական նախաձեռնությունը կարող է քիչ հետաքրքրություն ներկայացնել Սիրիայի նախագահի համար, վերջինս ասել է.
«Ձեզ համար կարող է զարմանալի թվալ, բայց հայկական նախաձեռնությունը սերտորեն առնչվում է մեզ: Սա ոչ միայն այն պատճառով, որ խնդիրը կարող է շոշափել Սիրիայում բնակվող հայկական փոքրամասնության շահերը: Մենք հավատում ենք, որ Հայասատանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կկարգավորվեն, ինչը իր հերթին կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում: Այս իմաստով մենք պետք է ձեռնարկենք նոր նախաձեռնություններ ու լուծումներ»,- ասել է Բաշար ալ-Ասադն:
Հայ-թուրքական գործընթացի դրական հանգուցալուծման հարցում Սիրիայի հետաքրքրվածությունը փաստելու համար Բաշար ալ-Ասադը վկայաբերել է այն իրողությունը, որ Հայաստանն ու Սիրիան, որոնք երկուսն էլ սահմանակցում են Թուրքիային, միմյանց հետ առևտուրն իրականացնում են այլ ուղիներով` զգալիորեն բարդացնելով ու երկարացնելով ճանապարհը:
Աղբյուր` Panorama.am
Թեգեր` Բաշար ալ-Ասադ, Թուրքիա, Սիրիա












