Արձանագրությունները քննարկել ԱԺ բոլոր հանձնաժողովներում. առաջարկում է «Ժառանգություն»-ը
«Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանն այսօր նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթը, ԱԺ խոսնակ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։
ԱԺ նախագահին ուղղված նամակում, «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը գրում է. «2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների արտաքին գործերի նախարարների նախաստորագրած հայ-թուրքական Արձանագրությունների մասին, որոնք հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Ցյուրիխ քաղաքում, բազմաթիվ պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ ամիսներ շարունակ արտահայտվել են այդ արձանագրությունների կյանքի կոչման արդյունքում Հայաստանի թե հնարավոր օգուտների և թե վնասների կապակցությամբ։
Շատ լավ տեղյակ եք, որ ի պատասխան մեր բազմաթիվ հարցադրումների` ՀՀ Կառավարությունը հանրությանն ու մեզ չի ներկայացրել որևէ համալիր կանխատեսում և/կամ վերլուծություն, որոնք որակական ու քանակական ցուցանիշներով կնկարագրեին կենսագործունեության բոլոր ոլորտներում հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման` Հայաստանի համար ունենալիք դրական և բացասական հետևանքները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական արձանագրություններն անկասկած հետևանքներ են ունենալու Հայաստանի Հանրապետության` անխտիր բոլոր համակարգերի վրա (քաղաքական, ֆինանսատնտեսական, սոցիալ-մշակութային, տարածքային, անվտանգության, պաշտպանական, մարդու իրավունքներ, տեղեկատվական և այլն), «Ժառանգություն» խմբակցությունը դիմում է Ձեզ, որպեսզի հայ-թուրքական Արձանագրությունները, բացի գլխադասային նշանակված մշտական հանձնաժողովից, քննարկման ուղարկեք նաև ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներ, որոնք ԱԺ նիստում հարցի քննարկման ժամանակ հարակից զեկույց կներկայացնեն իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ Արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության կապակցությամբ»։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ովքեր միաժամանակ անդամակցում են ԱԺ 2 մշտական հանձնաժողովների, նույնաբովանդակ նամակներով դիմել են 12 հանձնաժողովների նախագահներին` խնդրելով նախ խորհրդարանական լսումներ կազմակերպել հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ Արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության գնահատման նպատակով և առաջարկելով ԱԺ նախագահի կողմից գլխադասային նշանակված հանձնաժողովից բացի, Արձանագրությունները քննարկել նաև հանձնաժողովում և խնդրի առնչությամբ հարակից զեկույց ներկայացնել ԱԺ նիստում։
«Ժառանգությունը» գրավոր պատասխան է ակնկալում իրենց նամակների բոլոր հասցեատերերից:
ArmAr.am












