Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ էր` մարտի 4-ի նախաշեմին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկեց է Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին: Հարկ է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքական ատյանը, փաստորեն, պաշտոնապես ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը:
Հիշեցնենք, որ այս փաստաթղթի ներքո` Համայնքների պալատի 640 անդամներից ստորագրել են 204-ը: Սակայն, քանի որ պալատի անդամներից 51-ը նաև պաշտոններ են զբաղեցնում գործադիր մարմիններում, ինչը Մեծ Բրիտանիայում թույլատրելի է, զրկված են խորհրդարանում քվեարկելու իրավունքից: Հետևապես, հաշվարկը սկսվում է 495 ձայնից: Ստացվում է, որ փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ ձայներից դեռ մի բան էլ ավելին է (վեց ձայն) հնարավոր եղել ապահովել:
Նկատենք, որ սույն որոշումն ամենևին էլ անսպասելի չէր: Դեռ մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը մինչ այդ երկիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանումը, հայտարել էր, թե չի բացառվում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Մեծ Բրիտանիայում տեղի կունենա ավելի շուտ քան կարելի էր կարծել: Նույն ընթացքում, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցավ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի զեկույցը, որը նույնպես կոչ արեց խորհրդարանականներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Ընդորում, ընդունված փաստաթուղթը շատ հստակ գնահատական է տալիս և դրանով իսկ բացառում է` այն տարբեր կերպ մեկնաբանելու հնարավորությունը:
Փաստաթղթում բառացիորեն ասված է հետևյալը. «Համայնքների պալատը միանշանակ դատապարտում է Հոլոքոսթի, նաեւ 1915թ. հայերի եւ ասորիների ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պալատը դատապարտում է ատելությունը, որ հանգեցրեց այդ իրադարձություններին, կոչ անելով խորհրդարանի պատգամավորներին՝ հարգել Հոլոքոսթի, 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև այլ ողբերգությունների, ինչպիսին է 1988-ի Իրաքի քրդերի ցեղասպանությունը»:
Ի դեպ, այս գորընթացի նախաձեռնությունը պատկանում է Բրիտանիայի հայ համայնքին: Այս ուղղությամբ աշխատանքները սկսվել էին դեռ երկու տարի առաջ: Այն իրականացվում էր խորհրդարանում Ուելսը ներկայացնող պատգամավորների հետ: Բանն այն է, որ Ուելսի խորհրդարանն առաջինն էր, որ դեռ 2002-ին պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Հատկանշական էր, որ Մեծ Բրիտանիայի ազգային խորհրդարանում Ուելսը ներկայացնող բոլոր պատգամավորները ստորագրեցին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող փաստաթղթի ներքո: Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող խորհրդարանականների մեծամասնոթյունը նույնպես ստորագրել են այս փաստաթղթի ներքո: Տեղեկացնենք, որ Շոտլանդիան ներկայացնող 59 պատգամավորից ստորագրել են 40-ը, իսկ Իռլիանդիան ներկայացնող 18-ից` 11-ը:
Մի բան ակնհայտ է, որ այս դեպքում պատգամավորներն ամենևին կաշկանդված չեն եղել իրենց հայ ընտրողների ձայներով, այսինքն` նրանք ստորագրել են փաստաթղթի ներքո` ոչ թե հայկական լոբբիի ազդեցության տակ, այլ` Հայոց Ցեղասպանությունը վստահաբար համարելով պատմական փաստ:
Հարկ է առանձնահատուկ նշել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի կատարած աշխատանքը փաստաթղթի ընդունման հարցում:
Եվ այսպես, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ էր` մարտի 4-ի նախաշեմին: Հիշեցնենք, որ այդ օրը սպասվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի քվերակություն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեում:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ, բարոնուհի Քերոլայն Քոքս, Խորհրդարան, կոգրես, հայոց ցեղասպանության ճանաչում, Հյուսիսային Իռլանդիա, ճշմարտություն, Մեծ Բրիտանիա, Շոտլանդիա, Ջեֆրի Ռոբերտսոն












