Դավութօղլուն մեկնել է Իրան, Սինիրօղլուն` ԱՄՆ. քննարկվելու է նաև Հայաստանի հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Դավութօղլուն հանդիպումներ ունենալու Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկելու միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը:
Քննարկումների օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված միջազգային լարվածությունը:
Ծրագրվածի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարն Իրանում հանդիպելու է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) գլխավոր քարտուղար և միջուկային ծրագրերի հարցով գլխավոր բանագնաց Սաիդ Ջելիլի հետ:
Նշվում է, որ Թեհրանը դրական է գնահատել Անկարայի ակտիվ դերակատարությունը միջուկային ծրագրերի շուրջ ընթացող բանակցություններում:
Նշենք, որ այսօր զուգահեռաբար կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներ մեկնած Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն հանդիպելու է ԱՄՆ-ի արտգործնախարարության և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Դավութօղլուի ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչն ամերիկյան կողմին ոչ միայն փորձելու է ներկայացնել, թե իբր Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վնաս է պատճառել հայ-թուրքական կարգավորման գործընթացին, այլ նաև` հայտնել Անկարայի մտահոգությունն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մարտի 4-ին քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի կապակցությամբ:
ArmAr.am
Թեգեր` Ալի Լարիջանի, ԱՄՆ, Դավութօղլու, Թեհրան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հայոց ցեղասպանության բանաձև, Մանուչեհր Մոթաքի, Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կոնգրես, միջուկային ծրագրեր, Սինիրօղլու












