Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ամուր կամուրջները հուսալիորեն կապում են երկու պետությունները

Փետրվար 16, 2010թ. 12:21

Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայում տեղի կունենա ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 18-րդ նիստը, որիGagik-Tsarukyan օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցերն են։ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հանձնաժողովում առաջատար դեր են խաղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Թե ինչպիսին էր Հայաստանի համար անցած տարին, ի՞նչ նախագծերով է ընթացիկ տարի մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, կա՞ն արդյոք դժվարություններ հայ-ռուսական հարաբերություններում: Այս և այլ շատ հարցերի շուրջ էր զրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ:

«Պառլամենտսկայա Գազետա»-ի տեղեկանքը.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է 2004 թվականի ապրիլին և հանդիսանում է հանրապետության երիտասարդ քաղաքական ուժերից մեկը: Իր ստեղծումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում՝ 2007 թվականին, կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների 15 տոկոսը և Հայաստանի Ազգային ժողովում ձևավորեց թվով երկրորդ պատգամավորական խմբակցությունը: Խորհրդարանում ձևավորված է իշխանական կոալիցիա, որը ներառում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր»  կուսակցությունները: 2008 թվականի հունվարին «Եդինայա Ռոսիյա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը ստորագրեց համաձայնագիր միջկուսակցական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության (նախագահ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան) և «Բարգավաճ Հայաստանի» (նախագահ` Գագիկ Ծառուկյան) հետ:

Գագիկ Ծառուկյան. -Հայաստանի համար 2009 թվականը դժվարին տարի էր, այն դարձավ պետության ամրության իրական փորձություն: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքը եղավ տնտեսական անկումը, որը աննախադեպ էր ողջ հետխորհրդային շրջանում: Խոշոր, միջին և փոքր բիզնեսը կրեց շոշափելի կորուստներ:

Սակայն այս իրավիճակում կարևորն այն էր, որ կոալիցիոն իշխանությունը Հայաստանում կատարեց ավելի վաղ բյուջեով ստանձնած սոցիալական պարտավորվածություններն ամբողջ ծավալով: Մենք, մասնավորապես, հանդես եկանք նախաձեռնությամբ՝ չկրճատել ձեռնարկություններում աշխատատեղերը և կատարեցինք մեր խոստումը: Հայտարարեցինք, որ կպահպանենք այդ աշխատատեղերը մինչև տնտեսության աշխուժացումը:

Եթե խոսենք կուսակցության մասին, ապա անցած տարին կուսակցության համար հագեցած և արդյունավետ էր: Փետրվարին, մասնավորապես, տեղի ունեցավ մեր չորրորդ համագումարը, որը դարձավ կարևոր իրադարձություն երկրի քաղաքական կյանքում: Մայիսին տեղի ունեցան Երևանի քաղաքային խորհրդարանի ընտրությունները: Մենք հաստատեցիքն մեր առաջատար դիրքերը` զբաղեցնելով պատգամավորական խմբակցության թվով երկրորդ տեղը: Աշխուժացրեցինք նաեւ մեր միջազգային կապերը: Մասնակցեցինք «Եդինայա Ռոսիյա» կուսակցության և Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության համագումարներին:

Տարվա ընթացքում ակտիվորեն հանդես ենք եկել փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությամբ: Սոցիալական տարբեր խավերի օժանդակության բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել. օգնել ենք գիտնականներին և ուսանողներին, արվեստի մարդկանց, հաշմանդամներին և ծնողազուրկներին, կառուցել ենք եկեղեցիներ և մարզադպրոցներ, աջակցել ենք բազմաթիվ լավ նախաձեռնությունների: Երևի դրանով է նաեւ բացատրվում այն փաստը, որ կուսակցության վարկանիշը բարձրացել է: Մտադիր ենք այսուհետ ևս աշխուժացնել քաղաքական աշխատանքը, ամրապնդել կուսակցական կառույցները տեղերում, բարձրացնել խորհրդարանում օրինաստեղծ գործունեության որակը:

Ի՞նչ ծրագրերով եք մտել 2010 թվական:

Գագիկ Ծառուկյան. -Մենք բազում ծրագրեր և նախաձեռնություններ ունենք: Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի Երևանում անցկացնել ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների միջազգային համաժողով, որտեղ կարելի կլիներ քննարկել կուսակցությունների դերը ինչպես ճգնաժամի փուլում, այնպես էլ հետճգնաժամային շրջանում։ Հույս ունեմ, որ համատեղ ուժերով մեզ կհաջողվի անցկացնել այդ համաժողովը բարձր մակարդակով: Առաջարկեցի նաև Երևանում անցկացնել սեմինար՝ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության և«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ և փոխանակվել աշխատանքի փորձով: Եվս մեկ նախաձեռնություն. սկսել հրապարակային քաղաքական քննարկումներ Հայաստանի հետճգնաժամային զարգացման լավագույն ուղու փնտրտուքի շուրջ: Այս առաջարկությամբ մենք դիմել ենք մեր երկրի առաջատար քաղաքական ուժերին, իշխող կոալիցիայի մեր գործընկերներին:

Արևմուտքում պոպուլյար է երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցի օգտագործումը լոյալ քաղաքական վերնախավի ձևավորման համար: Քննարկո՞ւմ եք արդյոք Դուք նման քաղաքական նախագծի իրականացման հնարավորությունը ռուսաստանյան կողմի հետ:

Գագիկ Ծառուկյան. -Բորիս Գրիզլովի հետ պետերբուրգյան հանդիպման ժամանակ ես առաջարկեցի սկսել կանոնավոր շփումներ և համագործակցություն մեր կուսակցությունների երիտասարդական թևերի միջև: Երիտասարդ քաղաքական գործիչները բազմաթիվ անգամներ դիմել են ինձ` խնդրելով քննարկել այս հարցը «Եդինայա Ռոսիայի» առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ: Հույս ունեմ, որ 2010 թվականին կուսակցությունների երիտասարդական շարժումները կսկսեն ռեալ համագործակցել:

Ինչ վերաբերում է Երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցին, Հայաստանում դրանք կազմակերպում են տարբեր պետությունների դեսպանություններ, տարաբնույթ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ: 2010 թվականին կսկսի աշխատել Երիտասարդ քաղաքական գործիչների մեր դպրոցը: Կսկսենք պատրաստել երիտասարդ կուսակցական կադրեր, իսկ դասավանդողները կլինեն  մեր քաղաքական խորհրդի անդամները` հայտնի մասնագետներ: Կարծում ենք, որ վաղվա Հայաստանի քաղաքական վերնախավն անհրաժեշտ է դաստիարակել հայ-ռուսական բարեկամության ավանդույթների ոգով: Դրա համար էլ կուսակցության երիտասարդ ակտիվիստների պատրաստումն ու վերաորակավորումը անպայմանորեն կիրականացնենք նաեւ ռուսաստանյան արհեստավարժ մասնագետների մասնակցությամբ. կարծում եմ՝ սա մեր երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկն է:

Դուք ներկա էիք «Եդինայա Ռոսիայի» համագումարին Սանկտ-Պետերբուրգում, որի աշխատանքին մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Կառավարության նախագահ, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Ինչպիսի՞ն են Ձեզ ներկայանում Ռուսաստանի զարգացման հեռանկարները 2010 թվականին:

Գագիկ Ծառուկյան. -Մենք մեծ հույսեր ենք կապում Ռուսաստանի արդիականացման հռչակված քաղաքականության հաջողության հետ: Հույս ունենք, որ դրված բարձր խնդիրները կհաջողվի իրագործել, և Ռուսաստանը կրկին կդառնա ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում ձգողության և ազդեցության կարևոր կենտրոն: Հայաստանի ժողովուրդը ավանդաբար հայ-ռուսական բարեկամության կողմնակիցն է: Մեր կուսակցության մոտեցումները այս հարցում հասկանալի և մոտ են հայերի բացարձակ մեծամասնությանը:

Ռուս-հայկական փոխգործակցության ո՞ր ուղղություններին է անհրաժեշտ առավելագույն ուշադրություն դրաձնել այս տարի:

Գագիկ Ծառուկյան. -Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը անցյալ տարի անկում ապրեցին ճգնաժամի պատճառով: Մենք Հայաստանում հույս ունենք, որ 2010 թվականին հնարավոր կլինի այն հաղթահարել և նորից գնալ տնտեսական զարգացման ուղիով: Այդ ժամանակ էլ կսկսեն իրականացվել ռուսաստանյան կողմի մասնակցությամբ խոշոր ծրագրեր: Ես նկատի ունեմ Իրան-Հայաստան երկաթուղին, Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկը և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ին երկարաժամկետ վարձակալության հանձնած հայկական երկաթուղիների վերակառուցումը: Համագործակցությունը էներգետիկ ոլորտում, արդյունաբերության որոշ ճյուղերում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ասպարեզում ունեն զարգացման լուրջ հեռանկարներ: Անհարժեշտ է շարունակել գիտության և մշակույթի գործիչների, երիտասարդության, հասարակական կազմակերպությունների, վետերանների ներկայացուցիչների երկկողմ փոխանակման պրակտիկան:

Ի՞նչ կուզենայիք մաղթել ռուսաստանցիներին և բազմաթիվ հայրենակիցների, որոնք ապրում են Ռուսաստանում:

Գագիկ Ծառուկյան. -Մեծ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ես անկեղծորեն, ի խորոց սրտի մաղթում եմ բարօրություն, բարեկեցություն և բարգավաճում. հզոր, հարուստ և ժողովրդավարական Ռուսաստանը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավորն է: Ռուսաստանի հայ համայնքը աշխարհում խոշորագույնն է մեր հանրապետությունից դուրս: Մյուս կողմից մեր հանրապետության բնակիչները  միլիոնավոր թելերով կապված են Ռուսաստանում ապրող իրենց հայրենակիցների հետ: Ձեր երկրում մեր հայրենակիցներին ես նույնպես մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում: Հայերը Ռուսաստանում, ռուսաստանցիները մեզ մոտ հզոր կամուրջներ են, որոնք հուսալիորեն միացնում են երկու պետությունները:

«Պառլամենտսկայա Գազետա», Մոսկվա

12 փետրվարի, 2010թ.


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն