Մադրիդյան թարմացված սկզբունքները` թուրք-ադրբեջանական հնարք
Մադրիդյան «թարմացված» նոր անվանում ստացած սկզբունքները հունվարի 25-ից հետո դարձել են հարավկովկասյան դիվանագիտության խաղաքարտերից: Թեև երկու շաբաթ էր տրվել կողմերին` սկզբունքներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար, բայց արդեն 4 շաբաթ անց կոնկրետ հայտարարություն կամ առաջընթաց այդ առումով չկա:
Փետրվարի 15-ին, սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարությամբ հանդես եկավ, թե իր երկիրն ընդունում է թարմացված սկզբունքները և սպասում է Հայաստանի պատասխանին:
«Ադրբեջանը հետաքրքրված է Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ»,-մասնավորապես նշեց Մամեդյարովը` շեշտելով, որ իրենք չեն փոխել և չեն պատրաստվում փոխել իրենց դիրքորոշումը հակամարտության կարգավորման առումով` այն է` Արցախի հանձնում Ադրբեջանի գերիշխանության ներքո: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկ այլ շեշտադրում էլ է արել. «Եթե այս անգամ էլ սկզբունքները տեղից չշարժեն հակամարատության լուծումը, բոլոր կողմերի մոտ հարց կառաջանա` ինչ անել հետո»:
Հասկանալի է, իհարկե, որ Մամեդյարովի այս մեսիջն ավելի շատ ուղղված է Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որոնք վերջին շրջանում առանձնանում են հայամետ կեցվածքով: Միացյալ Նահանգներում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Ռուսաստանը հերթական ռազմավարական համագործակցությունն է սկսել հայկական կողմի հետ, իսկ ահա բառացիորեն օրեր առաջ Ֆրանսիան ռազմական համաձայնագիր կնքեց Հայաստանի պաշտպանության նախարարի հետ:
Ադրբեջանում որոշակի շփոթության ալիք է սկսվել, անգամ քաղաքական բացահայտ ցանկություններ են հնչում հրաժարվել Մինսկի խմբի ծառայություններից և միջազգային այլ կառույցների միջոցով լուծել արցախյան խնդիրը: Որպես այդպիսին` ադրբեջանցի դիվանագետները հիմա արդեն մատնացույց են անում ԵԽԽՎ-ն, որի նախագահ օրեր առաջ դարձավ Թուրքիայի կառավարող կուսակցության ներկայացուցիչը: Այս առումով, ադրբեջանցի քաղաքագետ, այդ երկրի ԱԳՆ առաջատար խորհրդատուներից Ռասիմ Մուսաբեկովը համոզմունք է հայտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թվացյալ գործընթաց է, որի ընթացքում թուլացվում է հայկական կողմի զգոնությունը, իսկ արդյունքում Ադրբեջանը կկարողանա պատրաստվել այլ ճանապարհներով հասնել հակամարտության լուծման:
«Հայաստանում համոզված են, որ առանց Թուրքիայի օգնության Ադրբեջանը պատերազմ սկսել չի համարձակվի, սակայն ոչ ոք դեռ պաշտոնապես չի ասել, որ Թուրքիան չի օգնելու Ադրբեջանին պատերազմի վերսկսման դեպքում»,-Մուսաբեկովի խոսքերն են: Ադրբեջանցի պաշտոնյան նաև զգուշացնում է` ապրիլքսանչորսյան իրադարձությունները շատ հարցերի պատասխաններ կտան, սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կկարողանա ավելի շուտ պատասխանել դրանց, եթե շտապի օր առաջ արձագանքել Մադրիդյան թարմացված սկզբունքներին և Ադրբեջանին հանձնել ազատագրված հայկական տարածքները: Ի վերջո, թուրքերի համար ներկա պահին առավել կարևորը թուրքական պետությունների տարածքային հզորացումն է, ոչ թե եվրոպական կամ ամերիկյան պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Եթե տարբեր ճնշումներով հնարավոր լինի Հայաստանին ստիպել հրաժարվել հայկական տարածքների զգալի մասից, հետո սահմանը կրկին փակելը հեշտ կլինի:
Նաիրի Հոխիկյան












