Սուրբ Աստվածածին եկեղեցին թուրքերը վերածել են մարզասրահի
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Star» թերթի էլեկտրոնային կայքը: Կայսերիի երիտասարդության և սպորտի հարցերով կենտրոնը հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին դարձրել է մարզասրահ: Կենտրոնի նախագահ Յահյա Շահանը հայտնել է, որ այժմ իրենք աստիճանաբար պատրաստվում են վերջ տալ եկեղեցում կազմակերպվող մարզական միջոցառումներին, քանի որ կառուցվում է նոր հարմարավետ մարզասրահ:
«Եկեղեցին հարմար ու հասանելի վայրում է` քաղաքի բոլոր կողմերից հեշտությամբ հասնելու համար: Հսկայական մարզադահլիճներ ունենք, բայց երիտասարդական կենտրոն չունենք: Արդեն 30-40 տարի եկեղեցին մեզ ծառայում է որպես այդպիսի կենտրոնի համար նախատեսված վայր»:
Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի օգնական Քեմալեթթին Ջենգիզ Թեքինսոյն էլ նշել է, որ եկեղեցին այլևս չի կարող բացվել ժամերգությունների համար, քանի որ Կայսերիում համապատասխան համայնք չկա: Թեքինսոյի տեղեկացմամբ` ծրագիր կա Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգել ու վերածել քաղաքապետարանին առընթեր թանգարանի:
Հիշեցնենք, որ Աղթամարի կղզու Սբ Խաչ եկեղեցին նույնպես վերածվել է թանգարանի:
Ահա թե ինչ. քաղաքակիրթ Եվրոպային ինտեգրվելուն արդեն 51 տարի հավակնող Թուրքիան այդ տարածքների բնիկների` քրիստոնյա հայերի կառուցած եկեղեցին դարձնում է մարզասրահ, լավագույն դեպքում` թանգարան: Սա նշանակում է, որ թուրքերը շարունակում են սրբապղծել ազգային փոքրամասնությունների կրոնական զգացողությունները: Նշանակում է` թուրքերը մարզասրահի վերածված Աստծո տանը հաստավիզ ու հաստագլուխ մարզիկներ պատրաստելով են ժողովրդավարացվում: Ինչպես մեծ բանաստեղծն է ասում` երեկված մարդակերները 1000 տարում հազիվ դարձան մարդասպան… դե, պատկերացրեք, թե թուրքերի համար դեռ որքա~ն երկար է ձգվելու մարդասպանից մարդ, հետո էլ` ժողովրդավար դառնալու ճամփան:
ArmAr.am












