«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի նամակը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն Նախագահ,
ՀՀ կառավարության 17.09.2009 թվականի N1052-Ն որոշմամբ օպտիմալացվել է Մեղրիի հիվանդանոցը, որը սպասարկում էր Մեղրիի եւ տարածաշրջանի ինը գյուղերի բնակչությանը:
Տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումը դրվել է Ագարակի հիվանդանոցի վրա, որը Մեղրիից եւ նշված գյուղերից գտնվում է մինչեւ 40 կմ հեռավորության վրա:
02.02.2010թ. Մեղրի քաղաքի մի շարք բնակիչներ դիմել են ինձ եւ դիմումում ներկայացրել բազմաթիվ փաստեր ու պատճառներ, որոնք ապացուցում են, որ կայացվել է ոչ իրավաչափ որոշում, որով ոտնահարվել են քաղաքացիների մատչելի բուժօգնություն ստանալու սահմանադրական իրավունքները: Այդ մասին վկայում է նաեւ 12.11.2009թ. ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տրամադրած տեղեկանքը (պատճենը կից ուղարկում եմ Ձեզ), որում նշված են պատճառները, որոնց համաձայն նպատակահարմար է, որ Մեղրիի տարածաշրջանում նախատեսված ինֆեկցիոն, վիրաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական բաժանմունքները եւ դիահերձարանը տեղակայվեն Մեղրիի հիվանդանոցում, որի շենքը տիպային է:
Սյունիքի մարզպետը 17.12.09թ. «Սյունյաց աշխարհ» թերթին հարցազրույց տալով` նշել է, որ երկու շենքերից, որն ընտրվի որպես հիվանդանոց, մյուսն անմիջապես կդառնա համայնքի սեփականություն, իսկ ՀՀ առողջապահության նախարարի 20.11.09թ. ՀՀ կառավարությանն ուղղած իմ գրավոր հարցման պատասխանում նշված է` «Նշյալ միավորումը կհանգեցնի վարչական ծախսերի կրճատման, ինչպես նաեւ Մեղրիի հիվանդանոցի մասնաշենքի օտարման արդյունքում շենքի պահպանման ծախսերը կկրճատվեն: Այդ ազատված ֆինանսական միջոցների հաշվին էլ հնարավոր կլինի բարելավել բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունն ու տրամադրվող բժշկական ծառայությունների որակը»:
Այսինքն, Նախարարն ու մարզպետն իրար հակասող տեսակետներ են հայտնել նույն խնդրի մասին:
Ազգային ժողովի փետրվարի 4-ի նիստին ես վերոնշյալ հարցը ուղղեցի Կառավարությանը, եւ պարոն Քուշկյանը պատասխանեց, որ որոշումը երկարատեւ քննարկումների ու հետազոտությունների արդյունք է: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ 17.09.2009 թվականին որոշումն ընդունելուց հետո, Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը ուշացած` 12.11.2009թ. տեղեկանք է տրամադրել խնդրահարույց հարցի մասին, ներկայացնելով հակառակ տեսակետը:
Եւ, առհասարակ, հարցը պետք է դիտել ազգային անվտանգության տեսակետից: Տարածաշրջանի բնակչությունը նվազում է, եւ սահմանի առկայությունը անկայունություն ու լուրջ վտանգ է ներկայացնում սահմանամերձ շրջանում ապրող, առանց այն էլ վատթար սոցիալական պայմաններում գտնվող քաղաքացիների համար, ովքեր որոշման վերաբերյալ ստորագրություններով արտահայտել են իրենց անհամաձայնությունը, սակայն նրանց իրավացի բողոքի հետ հաշվի չի նստել ո՛չ մարզպետարանը, ոչ Կառավարությունը:
Ի դեպ, մեղրեցիները նաեւ ցավով հայտնել են այն մասին, որ դեկտեմբերի 30-ին Մեղրիում սուր գործիքի հարվածից վնասվածք ստացած Արարատ Համբաձումյանն արյունաքամ է եղել մինչեւ Ագարակի հիվանդանոց հասցնելը: Այսինքն իրենց տխուր կանխատեսումներն արդեն իրականանում են:
Որպես ՀՀ Նախագահ` Ձեր ուշադրությունը հրավիրում եմ Կառավարության վերոնշյալ որոշման հետեւանքով ծագած խնդիրների վրա, որոնք մեղրեցիներին լրջորեն մտահոգում եւ առավել անպաշտպան են դարձնում:
Ընդգծում եմ, որ նախարարն իր պատասխան նամակում տեղեկացնում է նաեւ, որ խնդիրը եւս մեկ անգամ պետք է ուսումնասիրվի` խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Նամակի պատասխանից անցել է երկու ամիս:
Գնահատելով պարոն նախարարի տարածաշրջան այցի արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնելու պատրաստակամությունը, առաջարկում եմ, որ նախարարը տեղեկացնի նաեւ Ձեզ:
Ակնկալում եմ Ձեր պատասխանը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված 10-օրյա ժամկետում:
Կից ներկայացնում եմ մեղրեցիների Վարչապետին ուղղված նամակի, 17.12.09թ. «Սյունյաց աշխարհ» թերթում Սյունիքի մարզպետի հարցազրույցի եւ Նախարարի պատասխան գրության պատճենները:












