Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Բաքուն դառնում է հնագիտական ուրախությունների համաշխարհային կենտրոն

Փետրվար 17, 2010թ. 11:00

d0b4d0b4d0b4d0bed0bcՀայկական ժողովրդական ասացվածք կա, թե «ստի ոտքերը կարճ են», ասել կուզի` չի փախչելու, վաղ թե ուշ սուտը բացահայտվելու է: Միամիտ ժողովրդի միամիտ ասացվածք:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարտին Բաքվում` Ազգային պատմության թանգարանում, բացվելու է Ղարաբաղին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Ղարաբաղի տարածքում կատարված պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոներ: Ի դեպ, ցուցահանդեսը նվիրվելու է Ադրբեջանի պատմության թանգարանի հիմնադրման 90-ամյակին:

Սա եզակի մի դեպք է համաշխարհային պատմության մեջ, որին պետք է արժանին մատուցել. Ադրբեջանը միակ երկիրն է, որի պատմությունն սկսվում է իր պատմության թանգարանի հիմնադրման տարեթվից: Թե՛ այս ժողովուրդն ու պետությունն են քարտեզի վրա հայտնվել 90 տարի առաջ, թե՛ իրենց պատմության թանգարանը: Եվ քանի որ ազերիները աշխարհի ամենահին և ամենամեծ մշակույթը կրող ժողովուրդն են, ուստի, հենց պետություն են ձեռք գցել, սկսել են հողը փորել ու պատմության թանգարանի հիմքերը գցել, ձեռքի հետ էլ, ինչ գտել, մի կողմ են դրել, որ հետո ցուցադրեն: Իրոք որ հնագիտական ուրախությունների  կենտրոն կարող է դառնալ Բաքուն, ուր կձգտեն այն բոլոր տխուր մարդիկ, ովքեր քիչ թե շատ ծանոթ են այս երկրի ու ժողովրդի` մեկ գրքույկի մեջ հանգիստ տեղավորվող պատմությանը:

Սակայն նպատակն է ստոր, քանի որ ցուցահանդեսում ներկայացվելու են «գտածոներ և փաստաթղթեր», որոնք ապացուցում են «Ղարաբաղի` բուն ադրբեջանական տարածք լինելը»:

Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը:

Արցախյան հակամարտության կարգավորման հարցը այժմ գտնվում է միջազգային ատյանների ուշադրության կենտրոնում, և ադրբեջանական քարոզչական մեքենայի (որի մի անիվը «գիտությունն է») գերնպատակը հայերին որպես զավթիչ ներկայացնելն է: Այսինքն` հայերը իրենց դահիճներից ոչ թե ազատագրել են սեփական տարածքները` բնաջնջումից փրկվելու համար, այլ ոտքից գլուխ մշակույթի մեջ խրված ադրբեջանցիներից  զավթել են նրանց հազարամյա հայրենիքը, որի ընդերքում կան բազմաթիվ սալիկներ և տնային իրեր, որոնց վրա դեռևս քարեդարյան ադրբեջանցիները ադրբեջաներեն գրել են, որ դա իրենց պետական տարածքն է (խեղճ հնագետները չեն էլ կարողանում պեղումներ անել):

Եվ այս բարբարոս քարոզչությունն իրականացվում է պատմագիտության հետ որևէ առնչություն չունեցող «փաստերի» ներկայացմամբ, իրականացվում է նմանը չունեցող բութ համառությամբ և երկու ճանապարհով:

Առաջինը Արցախն իր հարակից շրջաններով բուն Ադրբեջան հայտարարելն է և ամեն գնով դա ապացուցելը (պատմագիտությունը, գիտականությունը, հավաստիությունը ոչ մի արժեք այս դեպքում չունեն. կեցցեն լկտիությունը, փայլուն շապիկներով «պատմագիտական աշխատությունները», ցուցահանդեսները և այլն, և այլն` ինչ-որ միջազգային հանրության սիրտը քաշի):

Ահա վերոհիշյալն ապացուցող մեկ այլ զառանցանք. «Խանքենդին (Ստեփանակերտը – Ա.Մ.)` Ադրբեջանի մարգարիտը, Ադրբեջանի երիտասարդ քաղաքներից է: Եթե համեմատենք Նախչվանի 5 հազարամյա պատմության, Գյանջայի 3 հազարամյա պատմության, Բաքվի, Բարդայի ու Շեքի 2 հազարամյա պատմության հետ, Խանքենդիի 250 տարվա պատմությունը այնքան էլ հին չի թվում: Արխիվային տվյալներով, քաղաքը հիմնվել է 18-րդ դարի վերջին ղարաբաղյան խաների կողմից, որոնք այն ժամանակվա Ադրբեջանի պետական կազմավորումներից մեկի ղեկավարներն էին» (մամուլ):

Երկրորդը «Խոջալուի «թարմ» ցեղասպանության» մասին միջազգային այս ու այն ատյանի դռների մոտ կամ Եվրոպայի փողոցներում բայաթի կանչելն է: Այստեղ պետպատվերը վերաբերում է ոռնոցի անընդհատությանը և բարձրությանը:

Սակայն, ինչպես առաջին դեպքում, դարձյալ նպատակն է ստոր: Նպատակը մեզ` հայերիս, որպես ցեղասպան ժողովուրդ ներկայացնելն է:

Մարտին ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, ուստի, ազերիները որոշել են ցեղասպանության մեջ մեղադրել հայերիս: Այլ կերպ ասած, մեղադրանքի դեմ մեղադրանք են դնում: Իրենք հիանալի գիտեն, որ Խոջալուի հորինվածքը որպես ցեղասպանություն ներկայացնելը անբարոյականություն է, բայց երբ անբարոյականությունը պատմական կենսակերպ է դառնում, չի մտահոգում, ընդհակառակը, ոգևորում է:

Պետք է խոստովանել, սակայն, որ հաշվարկը ճիշտ է կատարված. այսպես կոչված միջազգային հանրությունը պատմական իրադարձությունների մեջ խորանալու ոչ ձգտում ունի, ոչ էլ մանավանդ` հավես: Նրա համար ճիշտն այն է, ինչը հաճախ է երևում, և ինչի մասին ավելի շատ են խոսում, օրինակ` համբուրգերը:

Ավիկ Մարության


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն