Բանավեճ ` ՏԻՄ հարկային փաթեթի շուրջ
Այսօր ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը բանավեճի էին հրավիրված «Հայելի» ակումբում:
Բանավեճի թեման էր` Տեղական ինքնակառավարման մարմինների մասին հարկային փաթեթը, որն իր մեջ ներառում է հողի, գույքի հանրային տարածքների զբաղեցման և այլ հարկատեսակներ:
ՀՅԴ ներկայացուցչի հավաստմամբ, այդ հարկատեսակների ներմուծումը չունի ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ էլ իրավական ու քաղաքական հիմնավորում:
«Չկա որևէ տնտեսական հաշվարկ, որն ապահովի տեղական հարկերի այս տեսակների ներմուծման տնտեսական ազդեցությունը և նպատակահարմարությունը: Սոցիալական առումով այս ճգնաժամի պայմաններում սա լրացուցիչ բեռ է դառնալու»,- ասաց Ա. Մինասյանը:
Վերջինիս մտահոգությունը նաև այն ,է որ հանրային տարածքների զբաղեցման հարկատեսակը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք, հատկապես «համայնքների այն անբարեխիղճ ղեկավարների կողմից, ովքեր աչքի են ընկել արջի ծառայություն մատուցելու իրենց անհագ ցանկությամբ»:
Վարդան Այվազյանն այլ կերպ է մեկնաբանում օրենսդրական նախաձեռնության բուն բովանդակությունը.«ՏԻՄ-երի համար ստեղծել ֆինանսական կարողություններ և տալ դրանք հավաքագրելու մեխանիզմներ»:
Համաձայնելով Արծվիկ Մինասյաի հետ, սակայն Վարդան Այվազյանը նկատել է.« «Սկզբունքորեն ընդունելի է ամբողջ գաղափարախոսությունը, բայց ճշգրտելու խնդիր կա, թե որ հարկատեսակն իրենից ինչ է ներկայացնում»:
«Դուք օրենքը չեք քննադատում: Այ, երբ որ խորհրդարան կբերեին փաթեթը, այն ժամանակ էլ եկեք կշեռքի նժարին դնենք խնդիրն ու տեսնենք, թե ինչպես գտնել հարցի լուծումը»,- ասել է Վարդան Այվազյանը:
Արծվիկ Մինասյանը հակադարձել է` ուրեմն տվեք այդ կարևորագույն հարցի լուծումը: « Մնացածը, կողքից «ոսկորները», ինչո՞ւ եք խցկել»:












