Կարեն Կարապետյանն այսօր այցելել է աղետի գոտի
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ:
Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրու քաղաքապետը, կառուցապատող ՙԳլենդեյլ Հիլզ՚ ընկերության տնօրենը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, պաշտոնատար այլ անձիք:
Կարեն Կարապետյանն ասել է, որ աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը Նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ կանոնավոր խորհրդակցությունների ու քննարկումների միջոցով արվելու է ամեն ինչ` այդ ծրագրերը առավելագույնս արդյունավետ, ժամկետներում եւ որակով իրականացնելու համար:
Աշխատակազմի ղեկավարի խոսքով` պետությունն իր սուղ միջոցներից մեծ գումարներ է ներդրել երկար տարիներ անօթեւան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու գործում, ուստի, կատարված աշխատանքը որակի առումով պետք է արդարացնի այդ մարդկանց եւ պետության սպասումները:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են Գյումրիում եւ Սպիտակում նորակառույց բնակարանների գազիֆիկացման, արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքների, Գյումրի 2 թաղամասի գլխավոր հատակագծի, գյուղական բնակավայրերում կառուցապատման ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները:
Կարեն Կարապետյանն ասել է, որ թեեւ մինչ այժմ արձանագրված թերությունները վերացվում են, սակայն, պետք է առաջիկայում դրանց կրկնությունից խուսափելու գործուն մեխանիզմներ կիրառել: Մասնավորապես, խոսվել է շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մարմինների մասնագիտական պատրաստվածության, դրանց աշխատանքի համակարգման մասին եւ նշվել, որ ոչ միայն կառուցապատողը, այլեւ վերահսկող մարմինները խիստ պատասխանատվություն են կրելու որակի համար: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ շինարարական աշխատանքներում տեղի աշխատուժը ներգրավելու, բնակարանների բաշխումը արդարացի եւ թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությանը: Նա ասել է, որ Նախագահի աշխատակազմը հետեւողական է լինելու քննարկված հարցերում:
Խորհրդակցությանն արծարծված խնդիրների վերաբերյալ տրվել են հանձնարարականներ, առանձին հարցերի շուրջ նշանակվել են լրացուցիչ քննարկումներ:-0-












